ՀՀ սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի բացման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին: Ծրագրի մասնակիցներին ողջունել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ ողջունել ձեզ հայրենիքում: Վստահ եմ, որ այս օրերի ընթացքում ավելի լավ կճանաչեք հայրենիքը, ավելի շատ կսիրեք այն: Նաև կբարեկամանաք իրար հետ և այդ մտերմությունը կշարունակեք նաև հետագայում»:

 

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել մասնակիցների ծնողներին և հյուրընկալ ընտանիքներին վստահության, համագործակցության համար:

 

Ծրագրի 7-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 80 պատանի և աղջիկ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Բելգիայից, Գերմանիայից, Սիրիայից, Լիբանանից, Կիպրոսից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ուկրաինայից:

 

Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Ծրագրի վերջում ճամբարային 5 օրերը մասնակիցները կանցկացնեն Ծաղկաձորում: