ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ՝ հոկտեմբերի 31-ին անցկացվել է նախարարին կից ատյանի նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչություն ից, «Արի տուն» հայրենաճանաչության 2014 թվականի ծրագրի վերաբերյալ զեկուցել է համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Անդրեասյանը:

 

Նա նշել է, որ 2014 թ. «Արի տուն» ծրագիրն իրականացվել է 8 փուլով՝ հունիսի 15-ից օգոստոսի 30-ը: Այս տարի հյուրընկալվել է 1071 սփյուռքահայ երիտասարդ՝ աշխարհի 31 երկրից: Առաջին անգամ ծրագրին մասնակցել է Դիարբեքիրից իսլամացած հայերի քառասուն հոգանոց խումբը: Ծրագրին մասնակցել են նաև՝ Արցախից 80 պատանիներ և աղջիկներ: 2014 թ. Սիսիանը Երիտասարդության մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ ծրագրին Սիսիանից մասնակցել է 16 երիտասարդ:

 

Զեկուցողը կարևորել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների, մարզպետարանների հետ համագործակցությունը, որոնք արդեն մի քանի տարի շարունակ աջակցում են ծրագրին: «Այս տարի Երևանի վարչական շրջաններից սփյուռքահայ երեխաների հյուրընկալությամբ առավել աչքի են ընկել Դավիթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ վարչական շրջանները, Կոտայքի մարզում՝ Պռոշյան, Եղվարդ, Արագածոտնի մարզում՝ Կարբի, Օշական, Արմավիրում՝ Արշալույս, Մուսալեռ, Արարատում՝ Փ. Վեդի, Ավշար, Վեդի, Տափերական, Արարատ, Մխչյան գյուղական համայնքները»,- նշել է զեկուցողը և ավելացրել.

 

«Սփյուռքի երիտասարդության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրն այսօր կայացած և առավել լայն ընդգրկմամբ համահայկական բնույթ ստացած նախագիծ է, որը կատարելագործվում, մեծ տարածում և ընդունելություն է գտնում աշխարհի բազմաթիվ երկրներում, դառնում շատ համայնքներում հայ երիտասարդ սերնդի՝ ազգային ինքնության պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների բաղկացուցիչ մաս, հայրենաճանաչության, հայապահպանական հաստատուն և արդյունավետ ծրագիր, և, Հայրենիքի հիմնական այցեքարտը՝ Սփյուռքի պատանիների ու երիտասարդների համար»:

 

ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն է հայտնել ծրագրի կազմակերպիչներին և հանձնարարել. «Պետք է մրցույթ կազմակերպել և խրախուսել լավագույն համայնքներին, լավագույն ընտանիքներին: Պետք է ընդլայնել ծրագրի աշխարհագրությունը, ընդգրկել նոր տարածքներ, ավելացնել հայերենի ուսուցման ժամերը, ավելի հետաքրքիր ու բազմազան դարձնել երեխաների առօրյան: 2015թ. մեր աշխատանքի թիրախը պետք է լինի Արևմտյան Հայաստանից Հայրենիք եկողների թիվն ավելացնելը»:

 

Օրակարգի համաձայն' ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի իրականացման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Ս. Հարոյանը: Նա մասնավորապես նշել է, որ «Պարարվեստի օրերի» շրջանակներում Հայաստան ժամանած 12 երկրների 37 պարախմբեր ելույթներով հանդես եկան Երևանում, Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Արտաշատում, Արարատում, Սիսիանում, Աբովյանում: Առանձին մենահամերգներով Երևանում հանդես եկան Ավստրալիայի «Նաիրի», Կանադայի «Անի» և ԱՄՆ-ի «Զվարթնոց» պարախմբերը:

 

«Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» բացման արարողությունը նվիրված էր աշխարհահռչակ խմբավար, ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյա հոբելյանին: Երգչախմբերը ելույթներ ունեցան Գյումրի, Վանաձոր, Էջմիածին քաղաքներում, Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Առանձին մենահամերգներով Երևանում հանդես եկան Ստամբուլի «Լուսավորիչ դպրաց դաս» և ԱՄՆ-ի «Կոմիտաս» երգչախմբերը:

 

«Իմ Հայաստան» փառատոնի գլխավոր առանձնահատկություններից մեկն արդեն ավանդական դարձող դուդուկի փառատոնն է, որն անցկացվեց սեպտեմբերի 20-24-ը: Մասնակցության հայտ ներկայացրին աշխարհի 5 երկրներից և Արցախից 14 դուդուկահարներ:

 

Ընդհանուր առմամբ, փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ 58 համերգ, որից 5-ը բացօթյա, 3 ֆլեշմոբ, բազմաթիվ մամուլի ասուլիսներ, կլոր սեղաններ, վարպետության դասեր, էքսկուրսիաներ, հանդիպումներ: Այդ ամենի արդյունքում «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը ունեցավ շուրջ 50 հազար հանդիսական:

 

Փառատոնի շրջանակներում անցկացված լավագույն միջոցառումների մասին կպատրաստվեն DVD սկավառակներ, որոնք կտարածվեն Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

 

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի հաջողվածության խտացված արտահայտությունն է Իրանի Թեհրան քաղաքից ժամանած Փյունիկ Քեշիշյանի խոսքը. «Հայաստանը իմ անունն է,ազգանունն է, ինձ ուժ տվող զորությունն է: «Իմ Հայաստան» փառատոնը եղավ այն լուսավոր էջը իմ կյանքում, որ առավել ուժ ու կորով, սեր ու նվիրում ներշնչեց ինձ»:

 

Նախարարը նշել է, որ «Մշակութային խոշոր իրադարձություն լինելուց զատ, «Իմ Հայաստանը» նաև հայահավաքի, համայն աշխարհի հայությանը համախմբելու առաքելություն է իրականացրել: Փառատոնին մասնակցելու համար պատրաստվում են, երջանիկ են, որ մասնակցում են մեր ծրագրին, այդ մասնակցությունն իրենց համար վերածվում է տոնի»:

 

Նախարարը կարևորել է տարազների, նվագարանների, ամառային դպրոցի համապատասխան դասընթացների վերաբերյալ քննարկումների կազմակերպումը, փառատոնի մեթոդաբանական, գաղափարական հետազոտության իրականացումը՝ փառատոնի մասնակիցներին մասնագիտական օգնություն ցույց տալու նպատակով:

 

Ամփոփելով նիստը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է ամսվա ընթացքում կազմակերպված միջոցառումները, մասնակցությունը կարևոր իրադարձություններին: