Հայաստանում, պարզվում է, սփյուռքահայերի նկատմամբ վերաբերմունքը փոփոխական բնույթ է կրում. նրանց մե՛րթ գրկաբաց ընդունում են, աջակցում, աշխատանքի տեղավորում, մե՛րթ էլ հայտարարում, թե նրանց բարեկեցությունը կախված է բացառապես իրենցից:

Այսպես՝ Հրանուշ Հակոբյանն, ով, ինչպես հայտնի է, նմանատիպ հարցերում թիվ մեկ պատասխանատուն է հանդիսանում Հայաստանում, խոսելով սիրիահայերի խնդիրներից, հայտարարել է, թե շատ բան կախված է նաև հենց նույն սիրիահայերից ու կառավարությունն այդտեղ անելիք չունի: Մոտավորապես այս միտքն է նա հնչեցրել՝ անդրադառնալով Նոր Հալեպ թաղամասի շինարարությանը: Հակոբյանը, մասանավորապես, հայտարարել է. «Նոր Հալեպը սոցիալական, պետական ծրագիր չէ։ Դա սիրիահայերի ցանկությամբ ստեղծված նախագիծ է, եթե իրենք կհավաքեն համապատասխան գումար, կցանկանան ունենալ, ուրեմն նաև կսկսենք որոշակիորեն օգնել։ Բայց, եթե առայժմ իրենք չեն ուզում դա անել, մենք որևէ ձևով չենք կարող նրանց ստիպել»:

Թե ինչ է սա նշանակում, անկեղծ ասած՝ հասկանալի չէ: Եթե սիրիացիներն իրենք պետք է լուծեն իրենց բնակության հետ կապված խնդիրներն, ապա էլ ինչո՞ւմն է կայանում պետության գործառույթը՝ ձեռք մեկնելու մեր աղետյալ հայրենակիցներին: Եթե այնքան փող ունենային, որ կարողանային իրենք իրենց ֆինանսավորել, էլ ինչո՞ւ պետք է զգային պետական օժանդակության կարիք, այդ դեպքում պետության ֆունկցիան ո՞րն էր լինելու, էլ ո՞րն էր լինելու ասենք նույն Հրանուշ Հակոբյանի բանուգործի անունը...

Ցավոք, այս ամենը մեկ բանի մասին է վկայում՝ անտարբերության, այն անտարբերության, որին այժմ Մերձավոր Արևելքից Հայաստան ներգաղթած հայերը ստիպված են բախվել: Չնայած երկրում փող էլ չկա. էլ ի՞նչ կարող էր ասել Հրանուշ Հակոբյանը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ