Բաքվի Բինագադի շրջանում միեւնույն շենքում բնակվող պետական չինովնիկն ու ադրբեջանական բանակի բարձրաստիճան սպան ծեծել են իրար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ANS PRESS լրատվական գործակալությունը' նշելով, որ նրանց միջեւ կենցաղային հողի վրա ծագած վիճաբանությունը վերածվել է զանգվածային ծեծկռտոցի:
Շենքի 5-րդ հարկի բնակիչ, Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկի բարձրաստիճան սպա Մուհամեդ Համիդովը բնակարանում վերանարոգման աշխատանքների հետ կապված աղբը վերեւից միանգամից թափել է աղբատար մեքենայի մեջ' փոշի բարձրացնելով շենքով մեկ: Հարեւանները սկսել են դժգոհել Համիդովի այդ անվայել արարքից: Վերջինս հոխորտացել է, որ ինքը ազգային բանակի սպա է եւ ինչ կուզի' կանի: Խոսակցությանը միջամտել է երրորդ հարկի բնակիչ, պետական պաշտոնյա Իլհամ Ալիեւը, ով փորձել է կարգի հրավիրել սպային: Նրանց միջեւ քաշքշոցը վերածվել է ծեծկռտուքի, որին միջամտել են կողմերի մտերի մները: Արդյունքում բարձրաստիճան սպան եւ չինովնիկը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Միջադեպի մանրամասները հետաքննող Բաքվի ոստիկանության 6-րդ բաժնի աշխատակից Էլվար Գուլիեւը ANS PRESS-ին հայտնել է, որ ծեծկռտուքի մասնակիցները պետական ծառայողներ են, եւ այդ պատճառով գործը պետք է ուղարկվի դատախազություն: