Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ խաղում Ադրբեջանի Չեմպիոն «Ղարաբաղը» Թբիլիսիում 1:0 հաշվով առավելության է հասել Վրաստանի չեմպիոն «Սամտրեդիայի» նկատմամբ: Այս թիմերի միջև Բաքվում կայացած մրցավեճում ադրբեջանական թիմը հաղթել էր 5:0 հաշվով՝ վճռելով դիմակայության ելքը: Այս մասին գրում է 1in.am-ը:
Նշենք, որ «Սամտրեդիա» ակումբը միջազգային հանդիպումներն անցկացնում է Վրաստանի մայրաքաղաքում, քանզի Սամտրեդիա քաղաքի մարզադաշտը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ հանդիպմանը պետք է ներկա գտնվեին մոտ 8 հազար երկրպագուներ, սակայն հարևան երկրների միջև ֆուտբոլային դիմակայությունն անցել է դատարկ տրիբունաների ներքո: Ավելի ստույգ՝ հանդիպմանը մարզադաշտից հետևել են ընդամենը 1300 ֆուտբոլասերներ, որոնց զգալի մասը ադրբեջանցիներ են եղել:
Մասնավորապես, «Ղարաբաղին» աջակցելու նպատակով Թբիլիսի էին մեկնել մոտ 1000 ադրբեջանցի երկրպագուներ, ովքեր կոշտ ընդունելության են արժանացել: Խաղից ժամեր առաջ Թբիլիսիի կենտրոնում ծեծի են ենթարկվել մի խումբ ադրբեջանցի ֆանատներ, որոնք, «Ղարաբաղ» վանկարկելով, շրջելիս են եղել Մարջանիշվիլիի փողոցում: Հարձակում գործած երիտասարդների խումբը դիմել է փախուստի: Բորիս Փայչաձեի անվան մարզադաշտում մուտքի մոտ էլ ադրբեջանցի երկրպագուների վրա հարձակվել է երիտասարդների մեկ այլ խումբ, ովքեր հարվածել են նրանց և խլել Ադրբեջանի պետական դրոշն ու ոտնատակ արել այն: Ոստիկանների հայտնվելուն պես մոտ 30 հոգանոց խումբը դիմել է փախուստի: Իրավապահներին չի հաջողվել հայտնաբերել խուլիգանական արարքի դիմած անձանց:
Ըստ ադրբեջանական մամուլի՝ ծեծի ենթարկված «Ղարաբաղի» երկրպագուներից մեկը հայտարարել է, որ քաշքշուկի ժամանակ լսել է հայերենով «Ես քո մաման…» հայտնի արտահայտությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ները շտապում են պնդել, որ ադրբեջանցի երկրպագուների վրա հարձակվել են Թբիլիսիի հայերը: Մասնավորապես, նշվում է, որ Թբիլիսի փողոցում «Ղարաբաղ» վանկարկելով՝ ադրբեջանցիները հունից հանել են տեղի հայերին, ովքեր փորձել են վրեժխնդիր լինել:
Ադրբեջանցիները կարծում են նաև, որ վրացի իրավապահները ամենևին չեն ցանկանում գտնել և պատժել հարձակում գործած անձանց: Նշենք, որ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ադրբեջանցի ֆանատները հանդիպման վերջնամասում, երբ հաշիվը 4:0 է եղել, ծաղրել են վրացական ակումբին՝ ֆուտբոլիստների հասեցին հնչեցնելով վիրավորական արտահայտություններ:
Ավելին, «Սամտեդրիայի» գլխավոր մարզիչ Գիա Ցեցաձեի մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողները հունից հանել են վրացի մասնագետին՝ փորձելով ծաղրել նրան: «Հասկացանք, որ ուժեղ եք և հաղթել եք: Պետք է հարգել դիմացինին: Չի կարելի անընդհատ ասել, որ ադրբեջանցիները վրացիներից հարուստ են: Բոլորն էլ գիտեն, որ դուք շատ փող ունեք: Ադրբեջանցի լրագրողներին կխնդրեմ մի քիչ խելացի գտնվել և նորմալ հարցեր տալ: 9 անգամ ասեցի՝ «Ղարաբաղն» ավելի ուժեղ է: Շնորհավորում եմ ձեզ»,- նշել է Ցեցաձեն:
Անցյալ տարի այս մասնագետի թիմը Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլում երկու հանդիպումների արդյունքում 6:2 հաշվով զիջել էր ադրբեջանական մեկ այլ թիմի՝ «Գաբալային»: Ադրբեջանական մամուլում շահարկելով այս փաստը՝ նշում են, որ երկու դիմակայությունների արդյունքում իրենք 12:2 հաշվով նվաստացրել են Ցեցաձեին:
Կարելի է ասել, որ վրացի երկրպագուներն ի սկզբանե սրերով են տրամադրված եղել ադրբեջանցիների դեմ: Հարևան պետությունների ազգային հավաքականների կամ ակումբային մակարդակով հանդիպումները սկզբունքային են և անցնում են լարված պայքարում: Այդուհանդերձ, ճիշտ չէ տպավորիչ հաղթանակ տանելով՝ ծաղրել և նվաստացնել մրցակցին: Թե՛ հայկական և թե՛ վրացական ֆուտբոլն այսօր բավական ծանր վիճակում է, իսկ ադրբեջանցիները հատկապես իրենց ակումբային ֆուտբոլի վերելքը շարունակ շահարկում են՝ պնդելով, որ տարածաշրջանում միայն Ադրբեջանը ֆուտբոլ ունի:
Թբիլիսիում տեղի ունեցածը միանշանակ գլուխ գովալու և մրցակցին «վերևից» նայելու հետևանք է: