ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն որևէ կերպ չի ցանկանում մեկնաբանել հարցը, թե չնայած «Ազատ դեմոկրատների» հետ իրենց հարաբերություններին, տրամաբանական և իրենց համար սպասելի կլինե՞ր, որ «Ազատ դեմոկրատները» գալիք նախագահական ընտրություններում պաշտպանեին ոչ թե «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին, այլ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:
«No comment. Ոչ մի մեկնաբանություն»,– Tert.am-ի հետ զրույցում նման պատասխան տվեց Ռուբեն Հակոբյանը։
Որոշ լրատվամիջոցներում նման ենթադրությունների հիմք է դարձել հեռուստաընկերություններից մեկին հյուրընկալած Ալեքսանդր Արզումանյանի զարմանքը, որ ՀԱԿ-ը չի պաշտպանում Հրանտ Բագրատյանի թեկնածությունը:
Tert.am-ի հետ զրույցում ԱԴ մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը հայտնեց, որ այս պահին որևէ որոշում՝ այս կամ այն թեկնածուին պաշտպանելու մասին չկա:
«Պարոն Արզումանյանն արտահայտել է իր կարծիքը, նա չի նշել, որ «Ազատ դեմկորտաները պաշտպանելու են Հրանտ Բագրատյանին, նա պարզապես ընդգծել է, որ առաջադրված թեկնածուների մեջ ամենանախընտրելին Հրանտ Բագրատյանն է»,-ասաց Անժելա Խաչատրյանը:
Ինչպես և նշված է նախորդ տարվա դեկտեմբերի վերջին ԱԴ հայտարարության մեջ, կուսակցությունում նման որոշում կընդունվի միայն նախագահի բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերը հրապարակվելուց հետո:
Իսկ սատարելու մասին որոշումը պայմանավորված կլինի միայն նրանից, թե որ ծրագիրն առավել շատ կհամապատասխանի «Ազատ դեմոկրատների» ծրագրային դրույթներին։ Այդուհանդերձ, նշվում էր, որ առաջին նախապայմանը ազատական դաշտը ներկայացնելն է: