Նորություն չէ, որ ընտրություններում ժողովուրդը հաղթում է ընդդիմության ներկայացուցչի միջոցով, և մենք ունեցել ենք հաղթանակներ: Բայց նորություն է լինելու, որ հաղթանակած թեկնածուն դե յուրե դառնալու է Հայաստանի Հանրապետության նախագահը: Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և ավելացրեց՝ «Եվ դա մենք անելու ենք միասին»:
Նա, առաջարկելով հիշել նորանկախ Հայաստանի քաղաքական կենսագրությունը, արձանագրեց, որ իշխող ուժի, կլանի շահը դաժան պայքարի մեջ է մտնում «մեր երեխայի ապագայի, մեր պետականության շահի հետ» ու ցավոք սրտի, միշտ ջախջախիչ պարտություն կրում: Բայց այս անգամ թույլ չենք տալու: «Այս անգամ գալիս ենք միասին, թիկունք թիկունքի տված, տղամարդավարի, ժողովրդի քվեն պաշտպանե՛նք և ժողովրդի քվեով ընտրված նախագահին տա՛նք նրա իրավական լիազորությունները»,-ավելացրեց Ռուբեն Հակոբյանը:
Մեջբերելով իրենց թեկնածուի խոսքերը՝ նա խոստացավ՝ պայքարը կլինի երկարատև: Ռուբեն Հակոբյանը նաև նկատեց, որ գիտակցում են, որ կարող են լինել սադրանքներ, կարող են լինել խեղաթյուրումներ, բայց տառապանք-փորձը ցույց է տալիս, որ հաջողության հասնելու համար պետք է հասկանալ, որ պայքարը «Ժառանգության» համար չէ, Րաֆֆիի համար չէ, այլ բոլորիս համար է, մեր պետության համար է:
Նման իրավիճակներում անվտանգության և կայունության մասին խոսողներին Ռուբեն Հակոբյանը անվանում է «կայունասերներ», որոնք գերեզմանային կայունության կողմնակիցներ են: Կայունություն, որը Հայաստանին հասցրել է այս վիճակին, իսկ ժողովրդի մեծ մասը փախել է երկրից:
Իսկ Ազատության հրապարակում հավաքվածները, ըստ Ռուբեն Հակոբյանի, խոսում են առողջ կայունության մասին: «Թո՛ղ ոչ ոք Րաֆֆիի առավելությունը թերություն չդիտի, թո՛ղ ոչ ոք բարի ժպիտի, հարգանքի մեջ չտեսնի անվճռականություն և թող չսխալվեն, որ ինտելիգենտ կեցվածքը, անվճռական է: Վստահեցնում եմ, որ այս թիմը առաջին շարքերում է լինելու»,- հավաստիացրեց Ռուբեն Հակոբյանը և մանրամասնեց, որ կողմակից են քաղաքակիրթ իշխանափոխության:
«Բայց եթե կփորձեն խանգարել, համապատասխան պատասխանը ստանալու են»,- ասաց Ռուբեն Հակոբյանը և ավելացրեց, որ այսօր տղամարդ լինելու պահ է:
Նրա խոսքով՝ այս տղամարդկային ոգուն ոչ ոք չի կարող դիմակայել և պարտադրել պարտություն:
«Եվ մի բան էլ վերջում, ընդդիմությունը հավասարապես պատասխանատու է լինելու այս փախեփախի համար, եթե մենք միասին չարդարացնենք ժողովրդի վստահությունն ու հավատը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Ի դեպ, նրան ձայն տալուց առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ նախկին դաշնակցական չեն լինում՝ նկատի ունենալով բանախոսի դաշնակցական անցյալը: