ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նուբարաշենի մշակույթի տանը տեղի ունեցած նախընտրական հանդիպմանն ասաց, որ որոշ մարդիկ, չարախոսելով փորձում են վարկաբեկել գալիք նախագահական ընտրությունները՝ ակնհայտ նկատի ունենալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին։
«Ցավոք մեր իրականության մեջ կան մարդիկ, ովքեր չարախոսելով, փորձում են վարկաբեկել ընտրությունները, մեծ տեղ է գտնում պղտոր ջրում ձուկ բռնելը։ Նրանք չարաչար սխալվում են, մեր ժողովուրդն իմաստուն է և մերժում է թե՛ կատակները, թե՛ արկածախնդրությունը»,– ասաց նա։
«Երեկ թեկնածուներից մեկը ձայնին խրոխտ արտահայտություն տված արտահատեց, թե սա բարու և չարի պայքար է։ Տեղ հասանք, ինչպես ասում են, որովհետև գոնե մինչև հիմա թեկնածուները իրենց կոռեկտ էին պահում»,– ասաց Սերժ Սարգսյանը՝ նկատի ունենալով նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին։
«Մեկը լինի հարցնի, էլի սկսեցիք, մերոնք, ձերոնք, նորից սկսեց սև սպիտակի բաժանելը։ Վարակված են այս մարդիկ, այս մարդիկ վարակված են բաժանարար գծերով։ Ես չեմ հասկանում, թե էս մարդիկ ե՞րբ են հասկանալու, որ մեր երկիրը մեղք է այս բոլոր մասնատումների ձեռքին, հո կրակը չի՞ ընկել մի քանի մարդկանց ձեռքը»,– վրդովվեց նախագահը։
Սերժ Սարգսյանը հարցրեց, թե «ե՞րբ են ասում սա բարու և չարի պայքար է, հետաքրքիր է կարո՞ղ են ասել, որն է չարը, ըստ իրենց, և որը՝ բարին»։
«Կամ մեծ հաշվով ի՞նքն է որոշողը, որն է բարին, և հարց է առաջնում, այդ մարդիկ կյանքում լուրջ որոշում կայացրել են, թե ոչ։ Նրանք հասկանում են, թե ինչ է նշանակում, երբ ընկերոջդ ուղարկում ես կրակի բերան, երբ լուրջ պաշտոնի ես ուղարկում»,– ասաց նա։
Սերժ Սարգսյանը նշեց, որ իրեն զարմացնում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե նախագահ դառնալու դեպքում Հայաստանը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
«Մենակ մեծ–մեծ հայտարարեն, թե ես նախագահ դառնամ, ԼՂՀ անկախությունը ճանաչելու եմ։ Ոնց որ թե ԼՂՀ–ի համար պռոշը ճաքում է։ Հասկանո՞ւմ ես ինչ է այս պահին նշանակում ԼՂՀ անկախության ճանաչումը»,– հարցրեց նախագահը։
Ըստ նրա, մոլորեցնող է ճանապարհը, երբ սկսում են խոսել կռվի, ինչպես նաև այն մասին, թե հետ ենք գնալու մի իրողության, երբ մի խումբ փոքրամասնություն փորձում է իր կամքը թելադրել մեծամասնությանը։
«Ես այդ մարդկանց ասում եմ, կա լույսը, և այդ լույսի հետևից պետք է գնան։ Նայում են և, ցավոք, չեն տեսնում, լավ կլինի որ տեսնեն, Հայաստանի վաղվա օրը, և իրենք էլ փորձեն հասնել այդ ապահով Հայաստանին»,– ասաց նա։
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի կասկածում, որ բոլորն էլ սարերի պես իր թիկունքում կանգնած են։ «Չեմ կասկածում, որ բոլորդ էլ սարերի պես կանգնած եք իմ թիկունքում և դուք անշարժելի սարեր եք»,– ասաց նա։