Ստամբուլում ադրբեջանցիների հավաքատեղի հանդիսացող սրճարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձինք մոտեցել են Բաշաքշեհիրի շրջանում գտնվող սրճարանին եւ պատուհաններից ներս կրակ բացել ավտոմատ զենքերով: Հարձակման հետեւանքով սրճարանում գտնվող անձանցից 11-ը վիրավորվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը:

 

Ոստիկանությունը հրապարակել է միջադեպի հետ կապված սրճարանի մոտ տեղադրված տեսախցիկների նկարահանումները, որտեղ երեւում է, թե կրակ բացելուց հետո հանցագործներն ինչպես են փախչում սրճարանի մոտից:

 

Սրճարանի թեյավաճառ Ջեւդեթ Թայֆունը լրագրողներին պատմել է, որ գնդակոծության պահին ինքը դրսում է եղել եւ հարձակվողներին տեսել է հետեւից: «Ես նրանց վրա քար նետեցի եւ վազեցի հետեւներից: Նրանցից մեկը փորձեց կրակել ինձ վրա, բայց զենքը չկրակեց: Իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն այս միջադեպի վրա: Մենք' ադրբեջանցիներս, չենք կարողանում խմբով հավաքվել որեւէ տեղ: Ես այս սրճարանը չեմ կարող վերաբացել: Համոզված եմ, որ այստեղ այլեւս ոչ ոք չի գա: Մենք նման դեպքերի առնչվել ենք նաեւ նախկինում», -ասել է Թայֆունը :

 

Ոստիկանությանը դեռեւս հայտնի չէ ադրբեջանցիների սրճարանի վրա տեղի ունեցած հարձակման պատճառը: