Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան զինանշանի վրա կրակած հայազգի 43-ամյա Արթուր Միրզոյանն առնվազն մեկ ամիս կալանքի տակ կսպասի իր գործով դատարանի որոշմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, Միրզոյանը կարող է դատապարտվել մինչև 5 տարվա ազատազրկման:
Մոսկվայի Համովնիչսեկի դատարան տարված Միրզոյանը հաստատել է իր մեղքը: Նա նշել է, որ պատրաստ է 500 հազար ռուբլի տուգանք վճարել և չի պատրաստվում մինչև հետաքննության ավարտը լքել Ռուսաստանի տարածքը:
Կասկածյալի իրավաբան Գ. Շատվորյանը հայտնել է, որ իր պաշտպանյալն ամուսնացած է և երկու երեխա ունի, աշխատում է ու չի պատրաստվում թաքնվել: «Հանցանք գործելուց չթաքնվեց և սպասեց ոստիկանության գալուն: Վերոնշյալ հանցանքը թույլ է տալիս, որ այդ գործով հետաքննության ժամանակ մեղադրյալը լինի ազատության մեջ: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք, որ նա գրավի դիմաց ազատ արձակվի: Նա վտանգ չի ներկայացնում հասարակության համար: Նրա գործողությունը մարդկանց չի վնասել, պաշտպանյալս մարդկանց վնասելու միտում չի ունեցել»,- ասել է Շատվորյանը:
Ընդգծելով, որ Միրզոյանը հոգեպես հավասարակշռված անձնավորություն է' Շատվորյանը դեռևս չի ցանկացել խոսել արարքի դրդապատճառների մասին: Միաժամանակ նա նշել է, որ իր պաշտպանյալն ունեցել է զենք կրելու թույլտվություն:
Ռուսական պարբերականներից մեկի հետ զրույցում Արթուր Միրզոյանի գլխավորած «Դոբրի լես» կազմակերպության աշխատակիցներից մեկը հայտնել է, որ Միրզոյանի պապերը, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկվելով, տեղափոխվել են Արևելյան Հայաստան:
Օգոստոսի 18-ին 43-ամյա Արթուր Միրզոյանը կրակել էր Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան զինանշանի վրա: Նա անմիջապես ձերբակալվել էր, սակայն հրաժարվել էր խոսել իր արարքի դրդապատճառների մասին: Միրզոյանի գործողության հետևանքով տուժածներ չեն եղել: