Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների 2014 թվականի ծրագրով մայրաքաղաքում իրականացվող 2 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատման ծավալից 495 հազար քառակուսի մետրը բաժին է ընկնում ներբակային ճանապարհներին ու բակային տարածքներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդհանուր առմամբ կասֆալտապատվեն շուրջ 1000 բակեր, որոնցում, զուգահեռաբար, կընթանան նաև բարեկարգման այլ աշխատանքներ:
Գործընթացը մեկնարկել է ապրիլին և նախատեսված է ավարտին հասցնել հոկտեմբերի վերջին: Սակայն, հաշվի առնելով, որ ներկայում արդեն շուրջ 700 բակերում աշխատանքներն ավարտված են, ընդհանուր ծրագիրը նախատեսված ժամկետից շուտ կավարտվի:
Փողոցների, բակերի պարագայում կարևոր պայմաններից մեկը որակի ապահովումն է: Որակական չափանիշները համապատասխան կառույցների կողմից ենթարկվում են մշտադիտարկման, որոնց արդյունքները պարբերաբար ներկայացվում են Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանին: