«Այ Կի Կենդո» կարատեի «Միքսֆայթ» մրցաշարում հայազգի մարզիկը հաղթանակ տարավ՝ դառնալով աշխարհի չեմպիոն: Եվրոպական ու աշխարհի բազմաթիվ տիտղոսների ու մեդալների կողքին այս գոտին Դավիթ Աթանեսյանի համար ամենից թանկն է:
Mediamall.am-ի հետ զրույցում Դավիթ Աթանեսյանը նշեց, որ մարոկացի մրցակցի նկատմամբ Իսպանիայում անցկացված գոտեմարտում հաղթանակի հաջողությունը սեփական ուժերի նկատմամբ վստահությունն էր:
Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
- Պարոն Աթանեսյան, շնորհավորում ենք Ձեզ մեծ հաղթանակի կապակցությամբ: Որքա՞ն ժամանակ է, ինչ Հայաստանում գործում է «Այ Կի Կենդո» մարզաձևը:
- Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: «Այ Կի Կենդո» մարզաձևը Հայաստանում գործում է 2006 թ.-ից:
- Ձեր սաները կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողությունների են հասնում. ինչո՞վ է դա պայմանավորված:
- Հաջողությունները պայմանավորված են մեր մարզիչների հետևողական աշխատանքով: Լրջորեն աշխատանք է տարվում սաներից յուրաքանչյուրի հետ անհատապես՝ հաշվի առնելով նրանց ունակությունները: Ֆեդերացիայի աշխատակազմը լուրջ ջանքեր է ներդնում մարզիկների առաջադիմության համար:
-Իսկ ի՞նչ նշանակություն ունեն նրանց հաջողությունները Ձեզ համար:
- Ուսուցչի համար ամենակարևորը իր սանի հաջողություններն են: Յուրաքանչյուր ուսուցիչ երազում է իր սանին տեսնել բարձունքում: Սակայն բաղձալի հաջողությունները տրվում են միայն ընտրյալներին:
-Ի՞նչ եք կարծում, Ձեր հաջողությունները ի՞նչ կփոխեն Հայաստանում Այ Կի Կենդո Մարզաձևի զարգացման մեջ:
- Միանշանակ, հաղթանակը բոլորինս է: Եվ մարդիկ, հետևելով գործող մարզիկի հաջողություններին, բնականաբար, ցանկանում են, որ իրենց երեխան մարզվի ուժեղագույնի մոտ: Մարզիչների, նաև իմ հաղթանակների շնորհիվ ֆեդերացիան ամեն օր համալրում է իր շարքերը:
-Հետևելով հայ և եվրոպացի մարզիկներին՝ ի՞նչ տարբերություններ եք տեսնում նրանց միջև:
- Հայ մարզիկները, անկասկած, ավելի կամային են: Ու ասեմ, որ անհամեմատ ավելի ճկուն են մեր մարզիկները: Մեր երեխաների հաջողությունները պայմանավորված է նաև նրանով, որ մենք կոփում ենք նաև հոգեբանորեն: Մեր երեխաները ուսումնասիրում են փիլիսոփայություն, հոգեբանություն: Եվ այդ դժվարին մարզումների շնորհիվ ձևավորվում են հզոր կամքի տեր մարզիկներ:
Դավիթ Աթանեսյանը, ով նաև Հայաստանի «Այ Կի Կենդո» կարատեի ֆեդերացիայի նախագահն է, 9 տարեկանից արևելյան մարտարվեստի ոգով ու փիլիսոփայությամբ է ապրում: «Յուրաքանչյուր կարատեիստի համար նման հաղթանակը կարիերայի բարձրակետն է»,-ասում է մարզիկն ու հավելում, որ այս մեծ հաղթանակով հրաժեշտ է տալիս ակտիվ սպորտին: Փոխարենը՝ սաների կրթությամբ է զբաղվելու: Փոքրիկներին հաղթանակի իր բանաձևն է փոխանցելու. վստահ է՝ նրանց մեջ ապագայի հնչեղ անուններ կան: