Գերմանական հետախուզությունն ամբողջությամբ գաղտնալսում է Թուրքիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականը գրում է, որ այս մասին լրատվամիջոցին հայտնի է դարձել գերմանական հետախուզական շրջանակներից:
Լրատվամիջոցը գրում է, որ գերմանական հետախուզության թիրախում ոչ թե Թուրքիայի այս կամ այն մասն է, այլ ողջ երկիրը: «Այո, Թուրքիան գաղտնալսվում է: Այն գաղտնալսվող միակ ՆԱՏՕ-ի անդամ երկիրն է: Եվ թիրախը ոչ թե երկրի մի մասն է, այլ Թուրքիան ամբողջությամբ»,- գրում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Գերմանական լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Գերմանիայի արտաքին հետախուզական ծառայությունները 2009 թվականից գաղտնալսում են Թուրքիային: Այս տեղեկատվությունը լրջորեն անհանգստացրել էր թուրքական կողմին: Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ արդեն արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով բացատրություն պահանջեց գերմանական իշխանություններից: Այդուհանդերձ, Բեռլինում շարունակում են լռել լուրերի կապակցությամբ' ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով տեղեկատվությունը: