Գերմանիայի Բունդեսթագն այսօր ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց՝ ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Դրանից անմիջապես հետո Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպան Հուսեյն Ավնի Կարսլըօղլուին: Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ։

 

 

-Պարոն Հովսեփյան, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղապանության ճանաչումն ի՞նչ կտա Հայաստանին։



-Բունդեսթագի ընդունած բանաձևը չափազանց կարևոր և առանցքային նշանակություն ունի՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ Նախ այն, որ հենց Գերմանական կայսրությունը եղել է Օսմանյան կայսրության դաշնակիցը, մեղսակցության մասնաբաժին ունի հենց Գերմանիան, որը ոչ միայն չի կանխել, այլև որևէ ջանք չի գործադրել ցեղասպանությունը դադարեցնելու ուղղությամբ։ Գերմանիայի կողմից ճանաչումը Թուրքիայի համար լուրջ խնդիր է առաջացնում։ Թուրքական կողմը պարբերաբար ժխտողական քաղաքականության մեջ հղում էր անում գերմանական արխիվները բացելուն, դրանով ցույց տալով, որ Գերմանիան որպես առանցքային պետություն լուրջ դերակատարություն է ունեցել Առաջին աշխարհամարտի տարիներին և չի ճանաչում ու ընդունում Հայոց Ցեղասպանությունը։ Սա ևս կարևոր գործոն է։ Թուրքիան սրա վրա պարբերաբար շահարկումներ է արել։

 

 

-Թուրքիան անմիջապես հետ կանչեց Գերմանիայում իր դեսպանին։ Ի՞նչ հետագա գործընթացներ են սպասվում։



-Գերմանաթուրքական հարաբերություններում լուրջ պրոցեսներ կսկսվեն։ Կարծում եմ՝ շարունակություն կունենա, և քաղաքական նոր զարգացումներ կլինեն, քանի որ Թուրքիան ամենաբարձր մակարդակով անընդհատ ճնշում էր գործադրում Գերմանիայի վրա, շանտաժի լեզվով էր խոսում, սպառնալիքների։ Հիմա Թուրքիան ստիպված է գնալ քաղաքական կոնկրետ պրոցեսների՝ պատասխան քայլերի։ Սա իր ազդեցությունը անշուշտ կունենա գերմանաթուրքական հարաբերությունների վրա։ Ինչ ծավալով, ինչ մասշտաբով՝ դեռևս վաղ է ասել, բայց կունենա։ Մյուս կողմից, ավելի ընդհանուր պրոսեցների առումով կարող են խնդիրներ առաջանալ։ Մասնավորապես՝ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում, որոնք այնքան էլ հարթ չեն ընթանում։ Մենք վերջին շրջանում տեսնում ենք, որ ոչ միայն Գերմանիայի, այլև Եվրամիության կողմից Թուրքիայի իշխանությունների նկատմամբ որոշակի դիրքորոշման, մոտեցումների փոփոխություններ կան։ Էրդողանի այն շանտաժները, սպառնալիքները, որոնք բավական կոշտ ուղղվում էին Եվրոպային, չէին կարող անպատասխան մնալ։ Կարծում եմ՝ առաջիկայում կարևոր մի շարք պրոցեսների ականատես կլինենք։ Չեմ բացառում, որ Թուրքիան որպես լծակ փորձի օգտագործել փախստականների խնդիրը։ Կարծում եմ՝ այս հարցով Թուրքիան կգնա կտրուկ քայլերի։ Հայոց Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի և հետագա պրոցեսների առումով՝ Բունդեսթագի կողմից ընդունումը շատ կարևոր էր։ Կարելի է ասել, սա նոր իրավիճակ է ստեղծում։ Սա որոշակի շղթայական ռեակցիա կունենա, ինչպես քաղաքական պրոցեսների, այլև միգուցե որոշ երկրների կողմից նման բանաձևերի ընդունման գործում։ Գերմանիայի դերակատարությունը, կշիռը բավական բարձր է և, կարծում եմ, որոշ երկրների համար կարող է օրինակ ծառայել։ Թուրքիայի համար ամենացավոտ կողմը հենց Գերմանիան էր, որովհետև թուրքական կողմը միշտ հենվել է Գերմանիայի վրա, ցույց տալու, որ Գերմանիան այդ ժամանակաշրջանում առանցքային դերակատար լինելով հանդերձ, չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը։ Եթե հիշում եք, երբ Ֆրանսինա ընդունեց Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան Գերմանիան արխիվները բացելու կոչեր արեց, որպեսզի հակաշիռ ստեղծեր Ֆրանսիայի դեմ և շանտաժի ենթարկեր Գերմանիային։ Բայց այսօրվա ճանաչումը ցույց տվեց, որ Թուրքիայի բոլոր քայլերը ապարդյուն էին։

 

 

-Կարո՞ղ ենք ասել, որ վաղ թե ուշ Թուրքիան ևս կճանաչի Հայոց ցեղասպանությունը։



-Ես դրա մասին խոսելը վաղ եմ համարում, որովհետև Թուրքիան այսօր այնպիսի ուղի է բռնել, որ այդ մասին խոսելը վաղաժամ է։ Այդուհանդերձ, հասարակական մակարդակով նոր քննարկումները որոշակի ազդեցություն ունեն։ Թուրքիայի ներսում մտավորականները, լրագրողները բարձրաձայնում են այդ մասին, բայց Թուրքիա պետության կողմից ճանաչման մասին խոսելը վաղաժամ է։

 

 

Քրիստինա Աղալարյան