Ապրիլի 22-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովի բացման արարողությունը, որին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Համաժողովի բացմանը մասնակցում էին նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով Հայաստան ժամանած Քույր Եկեղեցիների հոգևոր պետեր և պատվիրակություններ, միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ:

 

Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես եկավ ողջույնի և օրհնության խոսքով:

 

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնանքի խոսքը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին:

 

«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

 

Սիրելի հոգևոր եղբայրներ,

 

Համաժողովի պատվարժան մասնակիցներ և հյուրեր,

 

Ողջունում ենք Ձեզ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում կազմակերպված այս համաժողովի առիթով և բերում օրհնություն համայն հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

 

Բազմաթիվ փորձություններ տեսած մեր ժողովրդի նորագույն պատմության ամենամռայլ և ողբերգական էջը 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ծրագրված և իրագործված Հայոց Ցեղասպանությունն է, որին զոհ գնացին շուրջ մեկ ու կես միլիոն հայորդիներ: Այսօր' 100 տարի անց, այդ ոճրագործությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Մի շարք պետությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը' իբրև մարդկության դեմ գործված ծանրագույն հանցագործություն, վստահություն է ներշնչում Մեզ, որ այն պիտի ստանա համընդհանուր ճանաչում ու արդար գնահատական։

 

Քիչ են դեպքերը, երբ մի պետություն, որ ցեղասպանություն է կազմակերպել, ճանաչում և ընդունում է իր հանցանքը: Այս առումով Գերմանիան կարող է օրինակ հանդիսանալ Թուրքիայի ներկա իշխանությունների և ցեղասպան այլ պետությունների համար:

 

Ցեղասպանության ժխտումը ոչ միայն ցեղասպանության ենթարկված ժողովրդի իրավունքների, արժանապատվության ու արդարության ոտնահարում է, այլև խարխլում է միջազգային իրավունքի և համընդհանուր բարոյականության հիմերը և ծանր հարված հասցնում ազգերի և ժողովուրդների հարաբերություններին ու խաղաղ համակեցությանը:

 

Ժամանակին միջազգային հանրության կողմից ցեղասպանության հանցագործությունների անտեսումը, անդատապարտելի ու անպատիժ թողնելը, ինչպես և' ժխտողականությունը պատճառ դարձան, որ շարունակվի եղերագործությունների շղթան: Նույն չարահնար մտածողությամբ, որով կազմակերպվեցին հայերի սոսկալի, վայրագ ջարդերը, ծնունդ առան Հոլոքոստը, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները:

 

Ցեղասպանության ոճրագործության ժխտման և այն անպատիժ թողնելու համար մարդկությունը չափազանց մեծ գին է վճարում: Ժխտողականության հանդուրժումն անտարբեր է դարձնում մարդուն իր նմանի տառապանքի հանդեպ և հանրության կյանքում լռեցնում բարոյական պատասխանատվության ձայնը' զրկելով նման սարսափի կրկնությունը կանխելու հանձնառությունից:

 

Մարդկությունը բարոյական պարտավորություն ունի պայքարելու ընդդեմ ցեղասպանության հանցագործությունների: Բարոյականությունը, որ պիտի լինի հիմնամուր սյունը հասարակական կյանքի և պետությունների քաղաքականության, դժբախտաբար, այսօր հաճախ զոհաբերվում է աշխարհաքաղաքական շահերին: Նման հանցավոր դիրքորոշման ու վերաբերմունքի հետևանքները ողբերգական են բազմաթիվ ժողովուրդների համար: Մեզ' հայերիս համար, դա մեկ ու կես միլիոն մեր հայրերի կյանքն էր, կորուսյալ մեր հայրենիքը, մասամբ ոչնչացված և մասամբ ոչնչացման վտանգին ենթակա մշակութային ժառանգությունը:

 

Այսօր մարդկությունն ականատես է նոր ողբերգությունների աշխարհի տարբեր կողմերում: Հազարավոր մարդիկ զոհ են դառնում ազգային-կրոնական անհանդուրժողականությանն ու ծայրահեղականությանը, մասնավորապես' Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես վերջերս Լիբիայում' Ղպտի և Եթովպիական Եկեղեցիների հավատացյալներ: Անմեղ կյանքեր խլող եղեռնագործությունները անկախ դրսևորման ձևերից ու եղանակներից' հանցագործություն են մարդկության դեմ և խստագույնս' դատապարտելի: Դրանց դեմ պայքարը' իբրև դարի մարտահրավեր, պարտքն է յուրաքանչյուր ժողովրդի, պետության, միջազգային հանրության և կառույցի:

 

Առաքյալն ուսուցանում է, որ եթե մարմնի մի անդամը տառապում է, մյուս անդամները ևս տառապում են նրա հետ (հմմտ. Ա Կորնթ. 12. 26)։ Հիրավի, այս վերջին հարյուր տարիների ընթացքին բազում պետություններ, ազգեր, Եկեղեցիներ, կրոնական ու միջազգային կազմակերպություններ և անհատներ կիսել են հայ ժողովրդի ցավը և իրենց դիրքորոշմամբ նպաստել, որ արդարությունը հաղթանակի։

 

Մենք վերստին երախտագիտություն ենք հայտնում բոլոր այն անձանց, ազգերին, Եկեղեցիներին և պետություններին, ովքեր ապաստան են տվել և սատարել մեր ժողովրդի տարագիր զավակներին' վերակերտելու ազգային և հոգևոր իրենց կյանքը, ինչպես և նրանց, ովքեր ճանաչել և դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում համաժողովի մասնակիցներիդ' քույր Եկեղեցիների Պետերիդ, եկեղեցական և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներիդ, բարեկամ երկրների պետական այրերիդ, գիտության և մշակույթի գործիչներիդ և բոլորին, ովքեր այս օրերին մեր ժողովրդի հետ են և գովարժան նպաստ են բերում Հայոց Ցեղասպանության և մարդկության դեմ գործված բոլոր հանցագործությունների դատապարտմանը:

 

Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված խաղաղության և բարօրության մեջ պահպանի համայն աշխարհը, որ ոչ մի ժողովուրդ այլևս չապրի ցեղասպանության ողբերգությունը: Թող Տերը օրհնի մարդկանց և ազգերի միջև եղբայրության ու արդարության ճանապարհները։ Ամեն»: