Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Գանձաքար գյուղում այսօր' օգոստոսի 23-ին, տեղի է ունեցել նորակառույց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին ուկրաինաբնակ գանձաքարցի Վրույր Մարությանի նվերն է հարազատ գյուղին, որ բարերարը կառուցել է ի հիշատակ իր հոր՝ Վազգեն Մարությանի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տավուշի մարզպետարանի տեղեկատվութ յան և հասարակայնության հետ կապերի վարչությունից, եկեղեցու օծման արարողությանը ներկա են եղել մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, մարզի հոգևոր դասը, բազմաթիվ հյուրեր: Եկեղեցու օծման հանդիսավոր կարգը կատարվել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ձեռամբ: Արարողությունն սկսվել է «Դռնբացեք»-ով, որից հետո օծվել են եկեղեցու 16 սյուները, այնուհետև մատուցվել է Սբ. Պատարագ: Գյուղի կենտրոնում կառուցված եկեղեցու ճարտարապետը Միսակ Մելքումյանն:
Աստծու նորակառույց տան օծումից հետո եկեղեցուն հարող տարածքում կազմակերպվել է բացօթյա մեծ միջոցառում: Հոգևոր օջախի օծման առթիվ գանձաքարցիներին շնորհավորել են համայնքի ղեկավար Շահեն Շահինյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, բարերար Վրույր Մարությանը, բարերարի մայրը՝ Ամալյա Դովլաթբեկյանը, գյուղի մտավորականության ներկայացուցիչներ: Շնորհավորանքի խոսքերին հաջորդել է միջոցառման գեղարվեստական մասը: