Հայ գրողները, դատապարտելով Իրաքում վերջին շրջանում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները, կիսում են ՀԳՄ շարքերում գտնվող քուրդ և եզդի գրողների վիշտը և զորակցություն հայտնում նրանց:
«Հայ գրողները սրտի ցավով են հետևում Իրաքում ծավալվող ողբերգական դեպքերին. արկածախնդիրների մի խումբ այս տառապած հողի վրա ջանում է հետ բերել խավար միջնադարը՝ ստեղծելու այսպես կոչված իսլամական խալիֆաթ։ Նրանք մարդկության աչքի առաջ ազատություն են տվել իրենց մարդատյացության նողկալի բնազդին՝ կործանելով ոչ իսլամական բոլոր էթնիկ տարրերին՝ քրիստոնյաներին, այլ հավատքի ժողովուրդներին։
Սպանվել է հինգ հազարից ավելի եզդի, ամենաանմարդկային մեթոդներով՝ ողջ-ողջ թաղելով, մանկանց գլխատելով, շենքերի մեջ զանգվածային հրկիզումներով։ Այս ամենն ուղեկցվել է բռնաբարություններով, առևանգումներով, կրոնափոխության բռնի պարտադրանքներով։ Այս սահմռկեցուցիչ սպանդը մի անուն ունի՝ ցեղասպանություն։ Սա 1915թ. Հայոց ցեղասպանության շարունակությունն է, որն արդեն քանի անգամ, քանի երկրներում իր դեմքը ցույց է տալիս։
Եվ ինչո՞ւ է դա տեղի ունենում. որովհետև արդեն 100 տարի է՝ Մարդկությունը չմիասնացավ և չբռնեց, չդատապարտեց Թուրքիայի ցեղասպանող ձեռքը: Որովհետև Հայոց ցեղասպանությունից դեռ 20 տարի չանցած՝ Հիտլերն ասում էր՝ ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածները:
Քանի դեռ շարունակվում է պետությունների անտարբերությունը փոքր ժողովուրդների ողբերգությունների հանդեպ, երկրագնդի ցանկացած կետում կարող է բարձրանալ ցեղասպանության կացնակերպ դեմքը: Անպատժելիությունը վատ դաս է հանդիսանում այլատյացության, անհանդուրժողականության և կրոնական բռնությունների համար։
Հայ գրողներս կիսում ենք Հայաստանի գրողների միության շարքերում գտնվող քուրդ և եզդի գրողների վիշտը և մեր զորակցությունն ենք հայտնում նրանց»,- ասված է հաղորդագրության մեջ: