Ռուսական նավթային «Բաշնեֆթ» ընկերության նախկին ղեկավար Ուրալ Ռահիմովը մեղադրվում է ընկերությանը պատկանող գումարների անօրինական իրացման և դրանք ծախսելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Ռահիմովի իրավաբան Իլնուր Սալիմյանովը հայտնել է, որ թեպետ իր պաշտպանյալը ներառվել է գործի մեջ իբրև կասկածալ, այդուհանդեձ դատարանի կողմից որևէ ծանուցագիր իրենք չեն ստացել:

 

«Օրենքը նախատեսում է, որ ծանուցագիրը պետք է ուղարկվի երեք օրվա ընթացքում, սակայն ո’չ Ռահիմովը, ո’չ էլ ես նման բան չենք ստացել: Մինչև օրս Հետաքննչական հանձնաժողով ներկայանալու պաշտոնական հրավեր չի եղել»,- ասել է Սալիմյանովը:

 

«Բաշնեֆթ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի և դրանցից ստացած գումարի անօրինական իրացման մեջ է մեղադրվում նաև հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը:

 

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին' «Դոմոդեդովո» օդանավակայանում' Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել էր Լևոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանյան դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

 

Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

 

Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: