Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացավ Երևանի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու բարեկարգման աշխատանքներին: Շինարարները քաղաքապետին զեկուցեցին կատարված աշխատանքների մասին' նշելով, որ նոր բարեկարգված այգին ավելի շատ կանաչ տարածքներ կունենա:
Երևանի քաղաքապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այգու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Մինչև հոկտեմբերի կեսն այգին ամբողջությամբ պատրաստ կլինի, և մենք այն կհանձնենք երևանցիներին: Այգին կառուցվել էր դեռևս խորհրդային ժամանակաշրջանում և այն ժամանակ բոլորի համար հանգստի գոտի էր: Վերջին տարիներին այգին անմխիթար վիճակում էր, և մեր Երևանին վայել չէր նման տարածք ունենալը: Այսօր մենք փորձում ենք համայնքային բյուջեից գումարներ տրամադրել Երևանի այցեքարտը համարվող այգիների բարեկարգման համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետի խոսքով՝ մի քանի տարվա ընթացքում Գլխավոր պողոտայի բոլոր այգիները կվերակառուցվեն և կհանձնվեն բնակիչներին: Հետագայում քաղաքապետարանի ուշադրության ներքո կլինի Օղակաձև այգին:
Համաձայն նախագծի՝ այգում կլինեն նաև գործող շատրվաններով 3 ջրավազաններ:
Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած շուրջ 13,2 հազար քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտին բարեկարգվում է Երևան քաղաքի 2014թ. համայնքային ծրագրերի շրջանակներում։ Նախատեսվում է 5 հազար 976 քմ տարածք երեսպատել բետոնե, բազալտե և տրավերտինե սալիկներով: Զուգահեռաբար' կտեղադրվի 706 գծմ եզրաքար։ Հանգստի գոտում կկառուցվեն 235 գծմ ընդհանուր երկարությամբ աստիճաններ։ Տեղաշարժման խդիրներ ունեցող բնակիչների համար մուտքը հանգստի գոտի մատչելի դարձնելու նպատակով կկառուցվի 5 թեքահարթակ։
Նախատեսվում է տարաքում կառուցել 1663 քմ ընդհանուր մակերեսով, շատրվաններով 3 ջրավազան։
Հանգստի գոտու ամբողջ տարածքը կկահավորվի նորաոճ նստարաններով և աղբամաններով։ Կանցկացվի արտաքին լուսավորության համակարգ։ Կանաչ տարածքների ապահովման նպատակով կստեղծվեն 4391 քմ ընդհանուր մակերեսով սիզամարգեր, որտեղ կլինեն ծաղկային ձևավորումներով կղզյակներ։ Կտնկվեն դեկորատիվ և «բիրյուչինա»-ի թփեր։ Կանաչ տարածքի ոռոգումն ապահովելու նպատակով կանցկացվի 1470 գծմ երկարությամբ ոռոգման ցանց։
«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից մշակված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա շինարարական աշխատանքները կատարում է «Բելլիս» ՍՊԸ-ն՝ 172.5 մլն դրամի շրջանակներում։
Աշխատանքները սկսվել են 2014թ. մայիսին։ Ավարտը, համաձայն կնքված պայմանագրի, նախատեսված է 2014թ. հոկտեմբերին։