Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի երթևեկը բեռնաթափելու նպատակով վարչական շրջաններում շարունակվում են շրջանցիկ ճանապարհահատվածները վերակառուցելու և նորերը բացելու աշխատանքները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, նշվել է, որ ընթացքում է Սարալանջի փողոցը Տիգրան Մեծի պողոտային կապող նոր ճանապարհի շինարարությունը և երկաթգծի նախկին կամուրջը հետիոտնային վերգետնյա անցումի վերակառուցելու գործընթացը: Զեկուցվել է նաև, որ ավարտվել և շահագործման է հանձնվել Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած ճանապարհահատվածը:

 

Այն ապահովվել է արտաքին լուսավորությամբ, կահավորվել ճանապարհային համապատասխան նշաններով, վերակառուցվել է նաև կոյուղատար համակարգը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել առաջարկներ նոր ճանապարհահատվածների վերաբերյալ և այդ ուղղությամբ ձեռնարկել համապատասխան քայլեր:

 

«Փոքր կենտրոնի բեռնաթափման տեսանկյունից' այս ճանապարհահատվածի շահագործումն իսկապես անհրաժեշտություն էր, որի շնորհիվ զուգահեռ փողոցների որոշակի բեռնաթափումն արդեն իսկ զգալի է: Սակայն մայրաքաղաքում կան այլ ճանապարհահատվածներ ևս, որոնք բացելու դեպքում երթևեկությունը մայրաքաղաքում էապես կբեռնաթափվի:

 

Նման օրինակներ մենք արդեն ունենք. Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկի վերաբացումը, այժմ նաև աշխատանքներ են տարվում Նոր Նորքի 9-րդ զանգվածից դեպի 8-րդ զանգված տանող հատվածում: Քննարկեք և համապատասխան առաջարկներ ներկայացրեք նաև այլ հատվածներում նոր ճանապարհների վերակառուցման ուղղությամբ»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: