Ամբողջությամբ ավարտվել և շահագործման է հանձնվել Տիգրան Մեծի պողոտան Սարալանջի փողոցին կապող նոր ճանապարհահատվածը, որն էապես բեռնաթափել է տվյալ հատվածի երթևեկությունը: Բացի այդ, աշխատանքներ են տարվում նախկին երկաթգծի կամուրջը որպես հետիոտնային անցում վերակառուցելու և շահագործման հանձնելու ուղղությամբ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Զեկուցվել է նաև, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի վերահսկման նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության, ՃՈ, ինչպես նաև «Երևանտրանս» և «Երևան ավտոբուս» ՓԲ ընկերությունների հետ իրականացվող ամենօրյա հսկողության ընթացքում նախորդ շաբաթ հայտնաբերված 43 խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրութուններ: Ոչ բավարար գնահատելով իրականացվող վերահսկողությունը՝ քաղաքապետը հանձնարարել է առավել խստացնել մասնավորապես երեկոյան ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքի նկատմամբ հսկողությունը:
«Մենք պարբերաբար ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ հատկապես երեկոյան ժամերին մի շարք երթուղիներում նկատվում է տրանսպորտային միջոցների նվազում, որոշ դեպքերում՝ ընդհուպ շարժակազմերի բացակայություն: Եթե կա դժգոհություն, ուրեմն համապատասխան ծառայությունները պարտավոր են լրացուցիչ ուսումնասիրել ու հատկապես մատնանշվող թերացումների ուղղությամբ իրականացնել վերահսկողությունը:
Ըստ այդմ, հատուկ հսկողություն սահմանեք հասարակական տրանսպորտի աշխատանքի հատկապես ուշ ժամերին իրականացվող սպասարկման նկատմամբ և խստորեն հետևեք, որպեսզի բոլոր երթուղիներն իրենց չվացուցակով սահմանված ժամերին ապահովեն համապատասխան սպասարկումը: Իսկ այն կազմակերպությունները, որոնք չեն ապահովի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, օրենքով սահմանված կարգով ձեռնարկեք համապատասխան քայլեր և նրանց ենթարկեք վարչական տույժերի», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ամբողջությամբ ավարտված են 5 մարզադպրոցների ջեռուցման համակագերի անցկացման ու 12 գրադարանների, 3 առողջապահական հաստատությունների և 3 արվեստի դպրոցների հիմնանորոգումները: Ավարտին են մոտենում նաև երաժշտական դպրոցների ու մանկապարտեզների տարեկան ծրագրով նախատեսված հիմնանորոգման աշխատանքները:
«Երևան Ջուր» ընկերության 2014 թվականի ծրագրերով 26 փողոցներում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անցկացման ուղղությամբ տարված աշխատանքների մասով զեկուցվել է, որ 15 հասցեներում աշխատանքներն արդեն ավարտվել են, 8 փողոցներում դեռ ընթանում են, ևս 3 հասցեներում դրանք կմեկնարկեն առաջիկայում:
Ֆրանսիական վարկի միջոցներով էլ 11 հատվածներում իրականացվում են ջրամատակարարման բարելավման և կոյուղատար ցանցի նորոգման աշխատանքներ: Ձմռան նախապատրաստական աշխատանքների մասով կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ հաշվառվել են անհրաժեշտ մեքենամեխանիզմներն ու սարքավորումները, կուտակվում է համապատասխան քանակությամբ տեխնիկական աղ և շլակային ավազ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է բազմաբնակարան բնակելի շենքերում ևս ձմռան նախապատրաստական աշխատանքներ տանել, նաև լրացուցիչ ծանուցել տնտեսավարողներին ձմռան ամիսներին պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման պարտավորությունների մասին: Բացի այդ, հանձնարարվել է ՃՈ հետ համատեղ ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող քաղաքացիների շրջանում իրազեկման աշխատանքներ տանել՝ հատկապես ամառային անվադողերը նախապես ձմեռայինով փոխարինելու ուղղությամբ:
«Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ արդեն այսօրվանից պետք է վարորդներին իրազեկել անվադողերի փոխարինման մասին: Ուստի ՃՈ հետ համատեղ պարբերաբար տեղեկացրեք բնակչությանը անվադողերը նախապես ձմեռայինով փոխարինելու անհրաժեշտության մասին, նաև իրազեկեք, որ առնվազն ձյան տեղումների օրերին խուսափեն փողոցների մայթեզրերին ավտոկայանումներից՝ ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար:
Այս մասով անելիքներ ունեն նաև վարչական շրջաններն ու համատիրությունները, որոնք իրենց հերթին ևս պետք է հնարավոր բոլոր միջոցներով տեղեկացնեն բնակիչներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է նաև, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում գույքագրվել և համապատասխան աշխատանքներ են տարվել քաղաքապետարանի ենթակայության կրթական, մշակութային և առողջապահական հաստատություններում ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման ուղղությամբ:
Հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի ապահովման նպատակով մայրաքաղաքում թեքահարթակների կառուցման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ կառուցվել և արդեն շահառուների օգտագործմանն է հանձնվել ավելի քան 850 թեքահարթակ, որից 271-ը նախկինում կառուցված օբյեկտների մուտքեր են, որոնք հաշմանդամների համար հարմարեցվել են սեփականատերերի կողմից:
Շինարարական աղբը չսահմանված վայրերում կուտակելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում իրավախախտների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է վարչական 8 արձանագրություն: Նկատելով, որ արձանագրությունների քանակը հեռու է իրական պատկերից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն այս ուղղությամբ և նկատողություն հայտարարել աշխատանքներում թերացած պատասխանատուներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն