Գեղարքունիքի մարզի առողջապահական մի շարք հաստատություններում, կապված տնօրենների պաշտոնավարման ժամկետների լրանալու հետ, շարունակում են առաջանալ տնօրենների թափուր պաշտոններ, որոնք լրացվում են համապատասխան մրցույթներով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնից, վերջին օրերի ընթացքում լրացել է Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը, ում վրա էլ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ դրվել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

 

Մարզպետի կարգադրությամբ' Ճամբարակի առողջության կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն կենտրոնի նախկին տնօրեն Արմենակ Մելքումյանը, Լուս ակունքի առաջնային առողջության պահպանման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար' նույն կենտրոնի տնօրենի նախկին պաշտոնակատար Լիլիթ Գասոյանը:

 

Նշյալ երկու ժամանակավոր պաշտոնակատարներն էլ չեն կարողացել հաղթահարել տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, թեեւ չեն ունեցել մրցակիցներ: Այդուհանդերձ, նրանք ժամանակավորապես վերանշանակվել են իրենց պաշտոններում եւ երկրորդ անգամ կմասնակցեն թափուր տեղի համար հայտարվելիք մրցույթներին:

 

Խոսրով Խլղաթյան