Կալիֆորնիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը մեծ հաղթանակ է որակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը' հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը Կալիֆորնիայում հասել է վերջնագծին:

 

«Մինչ այդ նրանց օրենսդիր մյուս պալատն էր ճանաչել, այժմ էլ Սենատն է ճանաչում Արցախի անկախությունը եւ փաստորեն այս կերպ Կալիֆորնիայում ճանաչման գործընթացը հաջողությամբ հասավ իր ավարտին: Իսկ Կալիֆորնիան հասարակ նահանգ չէ ԱՄՆ-ում: Եվ իր տնտեսական ներուժով, եւ բնակչությամբ խոշորագույն նահանգներից է եւ բացի այդ, աշխարհի 7 ամենամեծ տնտեսություն ունեցող նահանգների կազմում է: Կարելի է ասել, որ Կալիֆորնիան առանձին մի պետություն է, որը գնահատեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ազատության տենչն ու այն աշխատանքը, որ կատարվում է Արցախում և ճանաչեց մեր անկախությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը' հավելելով, որ հերթական անգամ Արցախում պետականաշինության գործընթացը, որը ընթանում է քաղաքակիրթ երկրների մոտեցումներին եւ չափանիշներին համահունչ, եղավ արդյունավետ:

 

«Սա փաստում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում եւ հետագայում էլ պետք է ունենանք հաջողություններ»,- ասաց Դավիթ Բաբայանը' հավելելով, որ Ստեփանակերտը ճանաչման ուղղությամբ շարունակելու է աշխատել եւ ամեն ինչ արվելու է ընդլայնելու ճանաչման աշխարհագրությունը:

 

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատը օգոստոսի 27-ին 23/0 ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը: Բանաձևը սենատին ներկայացրել է սենատոր Քևին դե-Լեոնը' նշելով, որ այդ տարածաշրջանը հայկական պատմական տարածք է և մոտ 100 տոկոսով բնակեցված է հայերով: «Այս տարածաշրջանի էթնիկ հայերը չափազանց շատ են տառապել անցած դարում, և նրանց տառապանքները շարունակվում են նաև այս դարում: Նրանք արժանի են ունենալ ազատ-անկախ հայրենիք' չգտնվելով հալածանքների վտանգի տակ: Այս տարի մենք նշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը, և մեր սովորած դասերից մեկն այն է, որ մի էթնիկ խումբը չպետք է իշխի մյուսի վրա»,- նշեց սենատորը: Բանաձևի օգտին ելույթ ունեցան նաև սենատորներ Թոմ Բերիհիլը և Ռիկարդո Լարան:

 

Ֆրեզնոն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի առաջին քաղաքն էր, որը պաշտոնապես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 2014 թվականի հունվարին նահանգի ամենախոշոր քաղաքներից Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ևս միաձայն ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը' որպես անկախ և ինքնիշխան պետություն: Արցախի անկախությունը ճանաչել են նաև ԱՄՆ չորս նահանգներ' Լուիզիանան, Մեյնը, Մասաչուսեթսը և Ռոդ Այլենդը: