Սեպտեմբերի 1-ի' Գիտելիքի, գրքի և դպրության օրվա առիթով նախատեսված է իրականացնել մի շարք միջոցառումներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի ազգային գրադարանում կբացվի գրականության «Հայոց հին ու նոր այբբենարանները» խորագրով ցուցադրություն, որտեղ կներ կայացվեն տարբեր ժամանակաշրջաններում հրատարակված հայոց այբբենարանները:
Կտրվեն տեղեկություններ Աբգար Դպիր Թոխաթեցու կողմից 1567թ. Կ. Պոլսում հրատարակված հայերեն առաջին հնատիպ տպագիր այբբենարանի' «Փոքր քերականություն կամ այբբենարան»-ի վերաբերյալ:
Բացի այդ, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կբացվի «Գիտելիքը ուժ է» խորագրով ցուցադրությունը: Կներկայացվեն գիտության տարբեր բնագավառներին նվիրված գրքեր: Գրադարանում կներկայացվի նաև «Գիտության հաղթանակը» խորագրով թատերականացված բեմադրությունը: Կլինեն նաև գիտությանը նվիրված այլ անդրադարձներ' կրտսեր և միջին տարիքի դպրոցականների մասնակցությամբ:
Միջոցառումների նպատակը նոր ուսումնական տարվա սկիզբը դպրոցականների համար տոն դարձնելը, ուսման նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է:
Սեպտեմբերի 1-ին' Գիտելիքի, գրքի և դպրության օրվա առիթով Երևանի պարարվեստի պետական քոլեջ կայցելի ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, իսկ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան' ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: Չայկովսկու անվան երաժշտական դպրոց կայցելի ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը: