Հանրապետության հիմնական դպրոցներում կրեդիտային համակարգ չի ներդրվի: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությանը, պատասխանելով ուսուցիչներից մեկի հարցին, նշեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նրա խոսքով՝ կրեդիտային համակարգ կներդրվի միայն ավագ դպրոցներում:

 

«Ավագ դպրոցը երեխային հնարավորություն է տալիս ընդհանուր մակարդակի կրթություն ստանալուց հետո, փոքր-ինչ իր անձնական շահերից ելնելով, սկսել սովորել: Կրեդիտային համակարգ հիմնական դպրոցներում ներդնելու իմաստ չկա: Այսօր օրակարգում նման հարց չկա: Կարծում եմ, որ նախարարն էլ կողմ չի լինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մկրտչյանը:

 

Նրա խոսքով՝ ավագ դպրոցներում կրեդիտային համակարգ ներդնելու հայեցակարգը մշակման փուլում է: «Դրա նպատակն է, որ ավագ դպրոցը դառնա միջանկյալ օղակ բուհի և հանրակրթական դպրոցի միջև»,- հավելեց Մանուկ Մկրտչյանը: ՀՀ ԿԳՆ մշակած հայեցակարգը փորձնական տարբերակով կներդրվի մի շարք դպրոցներում:

 

Հայաստանում կրեդիտային համակարգ գործում է բարձրագույն կրթության բնագավառում: Կրեդիտների համակարգն ուսումնական գործընթացի կազմակերպման համակարգված ամբողջություն է, որի առանձին բաղադրիչների հաջող յուրացումից հետո տրվում են կրեդիտներ, որոնք և կուտակվում են ամբողջ ուսումնական գործընթացի ժամանակ:

 

Բարձրագույն կրթության ուսումնական գործընթացում կրեդիտի' իբրև ուսումնական ծանրաբեռնվածության միավորի բաշխումը հիմնված է տարբեր հասկացությունների վրա' ներառյալ լսարանային ժամերը, արտալսարանային ժամերը, գրավոր աշխատանքները, թեստերը, մոդուլային գրավորները և այլն:

 

Կրեդիտային համակարգը ներդրվել է անցյալ դարի 30-ականներին ԱՄՆ-ի կրթական համակարգում: Շնորհիվ կրեդիտային համակարգի և մոդուլային սկզբունքի կիրառման' ստեղծվում են ուսումնական պլաններ և ծրագրեր, որոնք հարմարեցված են աշխատաշուկայի արագ փոփոխվող պահանջներին և զարգացման ժամանակակից միտումներին: