Գիտելիքի օրով սկսված ուսումնական տարին հաճելի հոգսերի հետ նաև նոր խնդիրներ է առաջադրում ինչպես քաղաքացիներին, այնպես էլ ոստիկանությանը:

 

Ոստիկանության պետի հրահանգով համապատասխան ստորաբաժանումներն առավոտից արդեն ուժեղացված ծառայություն են իրականացնում դպրոցամերձ տարածքներում, ոստիկանական վերակարգերը կազմակերպում են երեխաների անցումը հետիոտնային անցումներով, թարմացվել է փողոցների գծանշումն ու լուսացույցային համակարգը, ոստիկանության ծառայողները հանդիպումներ են ունեցել մանկավարժների և ծնողների հետ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, այս ամենի նպատակը մեկն է՝ բացառել երեխաների կյանքն ու առողջությունը վտանգող ցանկացած իրավիճակ: Արված է առավելագույնը, սակայն խնդիրը լիարժեք կատարելու համար անհրաժեշտ է ոստիկանության և հասարակության անվերապահ համագործակցությունը:

 

Այդ նպատակով ոստիկանությունը ծնողներին կրկին կոչ է անում ուշադրության կենտրոնում պահել երեխաներին դպրոց գնալիս ու վերադարձին, կատարել երթևեկը կարգավորող ոստիկանների ցուցումները, երեխաներին բացատրել երթևեկության կանոնները պահպանելու անհրաժեշտությունը: Վարորդներից պահանջվում է բացառիկ ուշադիր ու զգոն լինել դպրոցների շրջակայքում, չգերազանցել սահմանված արագությունը, անհարկի կայանումով չխոչընդոտել երթևեկությունը:

 

Ուսուցիչներին էլ ոստիկանությունը հորդորում է երեխաներին պահել ուշադրության կենտրոնում նաև դասերից առաջ ու հետո, հա մագործակցել դպրոցական տեսուչների հետ՝ ուսումնական հաստատություններում անցանկալի երևույթները կանխելու համար:

 

«Երեխաների ապահովությունը բոլորիս նպատակն ու գործն է, ուստի, կրկին շնորհավորելով ուսումնական նոր տարվա առթիվ, բոլորին կոչում ենք համատեղ աշխատանքի՝ այդ խնդիրը կատարելու համար: Երեխաների անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումները շարունակական են լինելու»,-ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: