Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից որոշ երկրների նկատմամբ պատժամիջոցները որոշակիորեն փոխում են պատկերացումները ռուսական շուկայում Հայաստանի հնարավորությունների մասին: Սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ֆիանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Իսկապես ա յս պարագայում մեզ համար առաջանում են նոր հնարավորություններ՝ ռուսական շուկայում հայկական արտադրանքի ներգրավածության առումով: Սակայն ես խնդրում եմ շեշտել, որ խոսքն ընդամենը հնարավորությունների մասին է: Թե որքանով մեր սպառողները կկարողանան օգտվել այդ հնարավորություններից, դա արդեն հարցի մյուս կողմն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը:

 

Նա ընդգծեց, որ այս պարագայում ռուսական շուկայում առաջանում են բավականին լավ հնարավորություններ հայկական ապրանքատեսակներն այդ երկիր արտահանելու համար: «Արդեն կան հրապարակումներ այն մասին, որ ռուսական շուկայում ներմուծվող ապրանքների գները բարձրանում են: Սա ևս լրացուցիչ խթան է, որպեսզի մենք կարողանանք, ճիշտ գնային քաղաքականություն վարելով, մեր ապրանքների արտահանման համար նպատասավոր պայմաններ ունենալ»,- նշեց պատգամավորը:

 

Մինասյանն ընդգծեց, որ այդ հնարավորությունների օգտագործումն արդեն կախված է Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների ճկունությունից, ինչպես նաև այն հարաբերություններից, որոնք առաջիկայում ձեռք են բերվելու ներպետական և ավելի ցածր՝ բազային մակարդակում: Պատգամավորի կարծիքով, Ռուսաստանում առկա վճարունակ շուկան կարող է էապես նպաստել և՛ Հայաստանի արտահանման պոտենցիալի մեծացմանը, և՛նոր աշխատատեղերի ստեղծմանը, և՛ որպես դրա արդյունք նաև սոցիալական խնդիրների լուծմանը: