Տավուշի սահմանապահ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմինը հայրենադարձնելու հայկական կողմի պահաջին Ադրբեջանից դեռևս չեն արձագանքնել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում Գերիների և անհայտ կորածների «հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, առայժմ որևէ դրական տեղաշարժ չկա: «Մեր, այսպես կոչված, հարևանները երեք տարի անընդմեջ մեզ հետ ուղղակի կապից խուսափում են, ուղղակիորեն չեն համագործակցում ու դա անում են ցուցադրաբար: Ես կարող եմ միայն ասել, որ մենք միջազգային համապատասխան ատյանների միջոցով մեր հայցը նրանց հասցրել ենք:
Ես ստույգ գիտեմ, որ մեր պահանջը' Կարեն Պետրոսյանի դին առանց նախապայմանների հայրենադարձնելու վերաբերյալ, հասել է Բաքու, գտնվում է համապատասխան կառույցներում, բայց իրենց կողմից որևէ պաշտոնական պատասխան չենք ստացել»,- նշեց Կապրիելյանը:
Նրա խոսքով' ադրբեջանական կողմը դա անում է տարբեր նկատառումներով: «Տարբեր վարկածներ կան, որոնք նորմալ մարդկային մտածելակերպի մեջ դժվար է տեղավորել: Չմոռանանք' ում հետ գործ ունենք, սա ոչ առաջին և ոչ էլ, ցավոք սրտի, վերջին դեպքն է, միշտ էլ նման անմարդակային վերաբերմունք են ցուցաբերում, նույնիսկ այն դեպքում, երբ խոսքը գնում է ոչ թե ողջ, այլ սպանված մարդու դիակը հայրենիք վերադարձնելու մասին»,- ընդգծեց պաշտոնյան:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից հայտնեցին, որ դեռևս նորություն չունեն հաղորդելու նշյալ հարցի առնչությամբ:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար, ՀՀ մարդու իրավուքնների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին այս իրավիճակը նույնիսկ հիշեցնում է 90-ականների սկիզբը, երբ պատերազմական իրավիճակում ադրբեջանցիները մարմինները չէին վերադարձնում: «Անգամ իմ այն հույսը, որ միջազգային ազդեցիկ պետությունները, երբ դրա մասին խոսեն, ապա հնարավոր է, իրեն նախագահ համարող Իլհամ Ալիևը վերջապես արձագանքի, չի արդարանում. նա բոլորովին չի փոխում իր վերաբերմունքը, արհամարհանքը ոչ միայն միջազգային նո րմերի, այլև միջազգային հանրության հանդեպ»,- նշեց նա:
Լարիսա Ալավերդյանի համոզմամբ' Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձի ուշացումը կապված է ոչ միայն նրա հետ, թե ինչ պայմաններում է նա մահացել ու դրանով փորձում են հետքերը վերացնել, այլև ուզում են ճնշում գործադրել ՀՀ և Արցախի իշխանությունների վրա: «Դա պատճառներից մեկն է, բայց ոչ միայն դա, նրանք ուզում են ճնշում գործադրել Հայաստանի ու Արցախի իշխանությունների վրա, որ մենք դիվերդանտի դին փոխանակենք Կարեն Պետորսյանի մարմնի հետ: Բացի այդ, նրանք շատ անհաջող կերպով պահանջում են, որ մյուս երկու մարդասպան-դիվերսանտների դատավարությունը լինի Ադրբեջա նում: Այդ պատճառով էլ ձգձգում են հետ վերադարձման գործընթացը»,-հայտնեց Լարիսա Ալավերդյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Կարեն Պետրոսյանի գործով ևս հնարավոր է միջազգային ատյաններում բողոք ներկայացվի: «Հիմա մենք սպասում ենք, որ մարմինը վերադարձնեն, հետո դատաբժշկական քննություն անցկացվի, այն ճանապարհով, որն ընդհարապես ընդունված է: Բայց եթե ևս մեկ ամիս անցնի այս դեպքից, և մենք որևէ լուր չունենանք, մենք այլ ճանապարհ կընտրենք ու կտեսնեք, թե որ տարբերակով կարելի է բողոքել նրանց գործողությունների դեմ»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը:
Օգոստոսի 7-ին անհայտ հանգամանքներում հատելով սահմանը Թովուզի Աղբուլաղ գյուղում գերի ընկած Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8-ի առավոտյան մահացավ ադրբեջանական գերության մեջ: Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության' նախնական տվյալներով' Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Փորձագետները համոզված են, որ նրան սպանել են' դաժան ծեծի ու խոշտանգումների ենթարկելով, ինչպես նախկինում այլ գերիների պարագայում: Ադրբեջանական կողմն ուշացնում է անհայտ պայ մաններում մահացած Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձը' փորձելով խոչընդոտներ ստեղծել դիակի դատաբժշկական քննության համար: