Մոսկվայի քաղաքացիական հիվանդանոց այցելած բժշկական հանձնաժողովը զննել է ազգությամբ հայ բարերար եւ գործարար Լեւոն Հայրապետյանին եւ որոշում կայացրել, որ Հայրապետյանը կարող է տեղափոխվել կալանավայր:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Լեւոն Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյանն ասաց, որ ավելի քան 2 ժամ է' Հայրապետյանի փաստաբանը հարցի առնչությամբ մասնակցում է քննարկման եւ առայժմ պարզ չէ, թե ինչ որոշում է կայացվելու:

 

«Իրականում սայլը տեղից շարժվում է, քանի որ Հայրապետյանի գործի մասին բոլորն են խոսում ու հիմնականում ասում, որ նա անմեղ է եւ ոչ մի կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ: Ինչ վերաբերում է Հայրապետյանի առողջական վիճակին, նրա առողջականը չի կարող լավ լինել, քանի որ մինչ Մոսկվա մեկնելն արդեն հիվանդ էր: Այժմ սպասում եմ փաստաբանի զանգին' հասկանալու համար, թե ինչ որոշում է կայացվել»,- ասաց Մացակ Փոլադյանը:

 

Հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է հայ գործարար Լևոն Հայրապետյանին: Այնուհետև Մոսկվայի Բասմանյան դատարանը, հիմք ընդունելով ՌԴ քննչական կոմիտեի միջնորդությունը, կալանավորել է Հայրապետյանին:

 

Գործարարը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին, «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:

 

Վերոնշյալ մեղադրանքները հայ գործարարը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է կալանքի որոշումը: Դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Ամենայն հավանականությամբ, հու լիսի 25-ին դատարանը պաշտոնական մեղադրանք կառաջադրի Հայրապետյանին:

 

Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Սեպտեմբերի 1-ի գիշերը նրան տարել են քաղաքացիական հիվանդանոց ստուգման: