Վերականգնման աշխատանքներ են ընթանում Գյումրու Հաղթանակի զբոսայգում: Զբոսայգու որոշ հատվածներ երկար ժամանակ արգելափակված էին: Պուրակի երկայնքով ձգվող անցուղու տարբեր հատվածներում առկա փլվածքներն ու խորշերը վտանգավոր էին դարձրել զգոսայգին:
Նշենք, որ անցուղու երկարությամբ փակ հունով՝ շուրջ 700 մ երկարությամբ, ձգվում է Գյումրի գետակը: 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անցուղու բետոնային շերտը քայքայվել և փլուզվել էր՝ տարբեր հատվածներում առաջացնելով բավական մեծ չափերի հասնող խորշեր, բնակիչները ևս «անմասն» չեն մնացել այդ քայքայումից՝ աղտոտելով գետը, գետակի հունը խցանվել Էր, ինչի հետևանքով նոր քայքայումներ էին առաջացել ներսից՝ բետոնյա ծածկի վրա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանի հասարակության հետ կապերի բաժնից, այս ընթացքում քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության բաժնի կողմից իրականացվեցին գետի հունի մաքրման աշխատանքներ, որի ժամանակ գետակի հունի տարբեր հատվածներից դուրս բերվեց հսկայական քանակությամբ աղբ:
Դրան զուգահեռ, համայնքային բյուջեից, նախնական հաշվարկով, հատկացվել է 3.5 մլն դրամ, որի շրջանակներում կվերանորոգվի ավելի քան 100 քառակոսի մետր տարածք: Ը ստ պատասխանատուների, աշխատանքի ընթացքում հնարավոր է աշխատանքի ծավալի, հետևաբար նաև գումարի փոփոխություն: Թեև սա խնդրի մասնակի և ժամանակավոր լուծում է, բայց շատ անհրաժեշտ:
Հարցի լուծումը մասնագետները տեսնում են ամբողջ անցուղու ապամոնտաժման, գետի հունի ամբողջական մաքրման և նոր միայն բետոնացման մեջ:
Արմենուհի Մխոյան