Պետական բյուջեի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հատկացումների հաշվին 2018-2020 թվականներին Շատիվանքում վերականգնման աշխատանքներ կիրականացվեն:
Նախատեսված է 2019 թվականին 5 500.0 հազար դրամ՝ համալիրի պեղման և գիտանախագծային փաստաթղթերի մշակման (պեղում՝ 2 000.0, նախագծում՝ 3 300.0 հազար դրամ), իսկ 2020-ին' 15 000.0 հազար դրամ՝ վերականգնման աշխատանքների սկզբնական փուլի իրականացման համար: Աշխատանքը կշարունակվի հետագա տարիներին մինչ համալիրիամբողջացումը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակութային հուշարձանների գործակալության Հուշարձանների վերականգնման բաժնի պետ Գայանե Նազլուխանյանը:
Շատիվանքը գտնվում է Շատին գյուղից 4 կմ արևելք' ձորամիջի բարձրադիր գոգավորության վրա: Համաձայն Ստ. Օրբելյանի վկայության' այն կառուցվել է 929 թվականին Բագրատունի Աբաս Ա թագավորի գահակալության շրջանում: Բաղկացած է եկեղեցուց և վանական միաբանության բնակելի ու այլ շինություններից:
1671-1674 թվականներին եկեղեցին վերակառուցվել է ջուղայեցի գրասեր վաճառական Մահտեսի Հակոբի ջանքերով: Եռանավ բազիլիկ եկեղեցի է' իր բոլոր հատկանշական կառույցներով: Ունի երեք մուտք, 8 լուսամուտ: Վանքը եղել է Սյունիքի կրթական խոշոր կենտրոններից և XVII դարում ունեցել է 70-90-հոգիանոց միաբանություն, դպրոց, գրատուն, որոնք էլ վանքի առաջնորդ տեր Սարգսի համար հիմք են հանդիսացել կառուցելու, այսպես կոչված, Ծատուրի կամուրջը, որից այսօր պահպանվել է այդ ինքնատիպ կառույցի ընդամենը մի մասը:
Շատիվանքի համալիրը գտնվում է կիսավեր վիճակում: Ծածկի սալաքարերը խախտվել ու թափվել են, տանիքի առանձին մասերը՝ դարձել վտանգավոր: Վանքի շրջակայքում նկատելի են թափված քարեր: Այս տարվա գարնանը բրգաձև պարսպի մի հատվածը փլուզվել է: