«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում՝ արքունական բաղնիքի հետնամասում (շուրջ 20 մետր հեռավորության վրա) մարտի 26-ից կիրականացվեն հնագետների նախկին բազայի հարևանությամբ գտնվող հենապատի ամրակայման և բարեկարգման աշխատանքներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի' հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը: Նրա խոսքով, բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մեկ շաբաթվա ընթացքում:
Արդյո՞ք վերջնական որոշում կայացվել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում սեզոնային սրճարանի տեղադրման վերաբերյալ հարցին ի պատասխան Մարինե Ավանեսյանն ասաց, որ քննարկումներն ընթացքի մեջ են եւ սրճարանի տեղադրման հետ կապված դեռեւս որոշում չի կայացվել: «Հենապատի ամրակայման ու բարեկարգման աշխատանքները պետք չէ կապել սրճարանի տեղադրման հարցի հետ: Հենապատը խարխլվել էր բնական գործոնների հետեւանքով, բարեկարգման անհրաժեշտություն կար, հետեւաբար օրակարգայինը ներկայում հենապատի վերաշարման աշխատանքներն ե ն», -եզրափակեց նա:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է ՀՀ մայրաքաղաք Երևանից 28 կմ արևելք, Կոտայքի մարզի համանուն գյուղի հարավ-արևմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտում, եռանկյունաձև հրվանդանի վրա' շրջապատված խորը ձորերով: Այն զբաղեցնում է 3,5 հա տարածություն (պահպանական գոտու հետ միասին' 5,1 հա) և ներառում պատմամշակութային մի շարք կառույցներ ու մշակութային արժեքներ' Գառնիի ամրոցը (մ.թ.ա. III-II դդ.), հեթանոսական տաճարը (մ.թ. 77թ.), խճանկար հատակով բաղնիքը, պալատական շինությունների և հարակից տնտեսական կառույցների, Ս. Սիոն եկեղեցու (VII դ.) և կից մատուռի ավերակները, սեպագիր արձանագրությամբ «վիշապ» անվանվող քարակերտ կոթողը, հունարեն արձանագրությամբ քարը և այլն:
2011 թ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն արժանացավ «Մշակութային բնապատկերի պահպանման և կառավարման (ՅՈՒՆԵՍԿՕ–Հունաստան) Մելինա Մերկուրի միջազգային մրցանակին: Արգելոց-թանգարանի տարածքում ամեն տարի տեղի են ունենում բազմամարդ մշակութային միջոցառում ներ: Այն հանրապետության զբոսաշրջային ամենշատ այցելություն ունեցող հուշարձաններից է, ուր ամեն տարի այցելում է 136 000-ի հասնող զբոսաշրջիկներ: