Հունաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Կոսնտանդինոս Կուտրասը անօրինական է համարել Թուրքիայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական այցը Կիպրոսի թուրքական մաս:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Կուտրասն ասել է, որ Կիպրոսում Էրդողանի արած հայտարարությունները հիասթափեցրել են Նիկոսիային եւ Աթենքին:

 

Հունաստանի ԱԳՆ-ի խոսնակը նշել է, որ Կիպրոս կատարած այցին Էրդողանը հանդես է եկել «ագրեսիվ քաղաքականության մեջ համառությունը հաստատող» եւ «հիասթափեցնող» հայտարարություններով:

 

Կուտրասն ասել է, որ եթե Թուրքիան ցանկանում է Կիպրոսի խնդրի լուծման հետ կապված բանակցությունները հեշտացնել, ապա պետք է «հետեւի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին եւ վերջ դնի կղզու Կիպրոսի Հանրապետությանը պատկանող տնտեսական գոտում ու ափամերձ ջրերում իր անօրինական գործողություններին»:

 

Ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն» կատարած այցին Էրդողանը հայտարարել էր. «Մեր ցանկությունն է, որպեսզի, հատկապես, որպես երաշխավոր երկրներ, ինչպես Թուրքիան է կատարում իր պարտականությունները, Կիպրոսի հանդեպ, նույն կերպ իր պարտականությունները կատարի նաեւ Հունաստանը:

 

Եթե այդ պարտականությունները կատարվեն, հավատում եմ, որ Կիպրոսի հարցը կարճ ժամանակում լուծում կստանա»: Էրդողանի այդ անպատասխանատու եւ սադրիչ հայտարարությունն առաջացրել է պաշտոնական Նիկոսիայի եւ Աթենքի վրդովմունքը: