Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան գյուղի շրջանում, ռուս սահմանապահները ձերբակալել են մի անհայտ անձի, ով անօրինական անցել է պետական սահմանը:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Պարզվել է, որ սահմանախախտը 1972 թվականին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է:
Նա հայտնել է, որ հովիվ է և բնակվում է Իգդիր նահանգի Գեդիքլի գյուղում: Սահմանախախտը տեղեկացրել է, որ պետական սահմանը հատել է պարտադրված՝ հոտից պոկված խոշոր եղջերավոր անասունին գտնելու նպատակով:
Պատկան մարմինները կճշտեն սահմանն անօրինական հատած անձի ներկայացրած տարբերակը, կպարզեն դեպքի բոլոր մանրամասները: