Իրաքի հարյուրավոր եզդիներ անօրինական հատել են Թուրքիայի սահմանը՝ փրկվելով «Իսլամական պետություն» կոչվող խմբավորման ծայահեղականների հետապնդումից:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացնում է իրաքյան «Աս Սումարիա» հեռուստաընկերությունը:

 

Հեռուստաընկերության տեղեկություններով' Իրաքի հյուսիսային շրջաններում ապրող տասնյակ եզդիներ, որոնց մեծ մասը Լեռնային Սինջարի իրենց տները լքած եզդիներն են, փախչում են դեպի թուրքական Ուրֆա քաղաք: Հեռուստաընկերության աղբյուրի տեղեկություններով' տեղահանված եզդիների մեծ մասը կորցրել է հավատը, որ անվտանգության ուժերը կկարողանան ապահովել իրենց անվտանգությունը և շտապում են լքել Իրաքը:

 

Թուրքիան արդեն պաշտոնապես շուրջ 2000 եզդի փախստականների բնակվելու համար տարածքներ է հատկացրել: Փախստականների մեծամասնությունը տեղավորվել է վրաններում և ճամբարներում' Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիլոպի քաղաքում: