Սիրիայում բնակվող մոտ հազար քրդեր հավաքվել են Թուրքիայի սահմանի մերձակայքում ՝ խնդրելով թույլ տալ մուտք գործել թուրքական տարածք:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, քրդերը նման քայլի են դիմել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման կողմից Սիրիայի հյուսիսում 21 քրդական գյուղերի վրա հսկողություն հաստատեուց հետո: Գաղթականների մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Նրանք հավաքվել են թուրքական Դիքմիթաս գյուղի մոտ, որը քրդական Այն ալ Արաբ քաղաքից գտնվում է 20 կմ հեռավորության վրա:

 

Թուրքական աղբյուրները տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ին Թուրքիայի սահմանը հատել են մոտ 4 հազար սիրիացիներ: Այս մասին հայտարարել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Սիրիացիները թուրքական սահմանը հատել են՝ երկրի հյուսիսում ստեղծված ծանր իրավիճակից ելնելով: Այժմ բախումներ են շարունակվում քրդական բեշմերգի և ԻԼԻՊ-ի միջև:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԼԻՊ-ը հարձակում է գործել Սիրիայի հյուսիսում գտնվող Այն ալ Արաբ քրդական քաղաքի վրա: Քրդական ուժերը սաստիկ դիմադրություն են ցույց տվել նրանց: Մեկ օրվա ընթացքում քրդական ուժերը ոչնչացրել են 100-ից ավելի ահաբեկիչների: Իրավիճակը շարունակում է լարված մնալ:

 

Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա, թուրքական սահմանի մերձակայքում: