ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է նախապես ցուցակագրված 12 քաղաքացու: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Սահմանված կարգի համաձայն' յուրաքանչյուր ամիս ՀՀ պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն:

 

Այս ամգամ ընդունելությանը մասնակցող զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղղված դիմումներն ու խնդրանքները բազմաբնույթ էին և վերաբերում էին առավելապես սոցիալական, իրավական և առողջական ոլորտներին:

 

Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին, նրանց հուզող հարցերին և լսելով պատասխանատու անձանց դիտարկումները' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարեց քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիների բարձրաձայնած որոշ հարցերի էլ լուծում տրվեց հենց պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում:

 

Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա էին նաև ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: