Ստամբուլի Ավջըլար թաղամասում այսօր առավոտյան տեղական ժամանակով 09:50-ին քիմիական նյութեր փոխադրող բեռնատարի բախվելու հետեւանքով փլուզվել է վերգետնյա անցումը, որի հետեւանքով երկու մարդ զոհվել, 4 մարդ էլ վիրավորվել է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական DHA լրատվական գործակալությունը, բեռնատարի բախվելու պահին զոհված քաղաքացիները գտնվել են վերգետնյա անցումի տակով անցնող ավտոմեքենայի մեջ, իսկ վիրավորվածները' կամուրջի վրա: Մայրուղին Ստամբուլի կենտրոնը միացնում է Աթաթուրքի անվան օդանավականին եւ քաղաքի ամենաաշխույժ պողոտաներից մեկն է:

 

Երեւեկությունը մայրուղով դադարեցվել է: Միջադեպի վայր մեծ թվով շտապ օգնության, ոստիկանական եւ փրկարարական բրիգադներ են ժամանել:

 

Ավջըլարի թաղապետ Հանդան Թոփրաքը լրագրողներին հայտնել է, որ նման վթար այդ կամրջին տեղի է ունեցել 2012 թվականին եւս: