Մայրաքաղաքի Հրազդանի կիրճի' Երևանի ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող ճանապարհի մի հատվածում մայիսի 21-ին փլուզում էր տեղի ունեցել:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախ մասնագիտական ուսումնասիրություններ էին կատարվել, որոնց արդյունքում պարզվել էր, որ փլուզումը հիդրոտեխնիկական ջրթող կառույցի մետաղական հատվածի վրա տեղադրված բետոնե սալի քայքայման հետևանք էր: Նախորդ դարի 30-ական թվականների կառույցի նախագծերի վերականգնման նպատակով տարածքում չափագրման և այլ հետազոտություններ են անցկացվել:
Մինչ ճանապարհային բուն հատվածի վերականգնման աշխատանքները, անցկացվել է ջրահեռացման խողովակ, ուր լցվում են ճանապարհին հարակից ջրավազանից հոսող ջրերը և թափվում Հրազդան գետ: Կառուցվել է նաև ստորգետնյա ջրերի հոսքը կարգավորող համակարգ: Այնուհետ մեկնարկեցին փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները' հատուկ ուշադրություն դարձնելով տեխնոլոգիական նորմերի պահպանմանը:
Ըստ այդմ, նորերով են փոխարինվել բոլոր հին ենթակառուցվածքները, որից հետո ճանապարհի բուն երթևեկելի հատվածի խճապատումից ու տոփանումից հետո իրականացվել է երկշերտ ասֆալտապատում: Փլուզված ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներն ավարտվել են օգոստոսի 31-ին և նույն օրվանից վերականգնվել է տվյալ հատվածի լիարժեք երթևեկությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկավության և հասարակայնության հետ կապերի վարչություն: