Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհահատվածի վերականգնման ուղղությամբ իրականացվում են վերակառուցման աշխատանքներ: Մասնագիտական ուսումնասիրությունից և նախագծային աշխատանքներից հետո մեկնարկել են շինարարական բուն աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ վերակառուցվելու է ճանապարհային հանգույցը՝ ներառյալ տարածքում առկա ջրահեռացման համակարգը:
Շինաշխատանքների ընթացքին տեղում հետևել և ծանոթացել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Պատասխանատուները զեկուցել են, որ ապամոնտաժվել են փլուզման հիմնական պատճառ դարձած նախկին մետաղական կոնստրուկցիաները և այժմ կատարվում է ճանապարհի լիցք, որից հետո կկառուցվեն պատնեշներ:
Նախագծային լուծումների համաձայն՝ խողովակաշարը շարունակություն կունենա դեպի Հրազդան գետ, կբետոնապատվի և այդպիսով արտաքին, ինչպես նաև ստորգետնյա ջրերի հոսքը կուղորդվի գետ՝ խուսափելով նաև վարարումների ժամանակ հնարավոր փլուզումից և ունենալով ապահով ու անվտանգ ճանապարհահատված:
Քաղաքապետի առաջին տեղակալը տեղում պատասխանատուներին համապատասխան հանձնարարականներ է տվել և ընդգծել, որ աշխատանքները պետք է ավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցի: «Քանդման սկզբնական աշխատանքներից հետո ի հայտ եկան որոշակի խնդիրներ, որոնց պարագայում միայն փլուզված հատվածի վերականգնումը չէր կարող խնդրին վերջնական լուծում տալ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնամուխ եղանք խնդրի հիմնովին լուծման աշխատանքներին և որոշվեց այս հատվածում իրականացնել վերակառուցման աշխատանքներ: Սա իսկապես շատ կարևոր ծրագիր է ին չպես մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկի ապահովման, այնպես էլ ճանապարհի պահպանման տեսնակյունից: Վերակառուցման շնորհիվ մենք ամբողջությամբ լուծում ենք ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող խնդիրը»,-ընդգծել է Կամո Արեյանը: