Հրազդանի կիրճում շարունակվում են փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները: Հրազդանի կիրճի' Երևանի ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող ճանապարհի մի հատվածը փլուզվել էր մայիսի 21-ին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տեղում նախ մասնագիտական ուսումնասիրություններ կատարվեցին, որոնց արդյունքում պարզվեց, որ փլուզումը հիդրոտեխնիկական ջրթող կառույցի մետաղական ֆերմաների վրա տեղադրված բետոնե սալի քայքայման հետևանք էր:
Սա նախորդ դարի 30-ական թվականների կառույց է, որի նախագծերը չեն պահպանվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագծերի վերականգնման նպատակով տարածքում չափագրման և այլ հետազոտություններ են անցկացրել «Հայջուրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի մասնագետները:
Մինչ ճանապարհային բուն հատվածի վերականգնման աշխատանքները՝ անցկացվել է ջրահեռացման խողովակ, ուր լցվում են ճանապարհին հարակից ջրավազանից հոսող ջրերը և թափվում Հրազդան գետ: Կառուցվել է նաև դրենաժային համակարգ'ստորգետնյա ջրերի հոսքը կարգավորելու համար: Ներկայում, կոմունիկացիոն աշխատանքներին զուգահեռ, ընթանում են նաև փլուզված ճանապարհահատվածի վերականգնման նախնական աշխատանքները: