Չնայած նախադպրոցական կրթության մասին Ադրբեջանի կառավարության հայտարարություններին, իրավիճակն այդ բնագավառում խիստ վատացել է: Նվազել է ոչ միայն 1-5 տարեկան երեխաների համար մանկապարտեզների եւ մանկամսուրների թվաքանակը, այլ նաեւ հաճախելիությունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հղում կատարելով Ադրբեջանի Պետվիճկոմին, «Թուրան»-ը հաղորդում է, որ Ադրբեջանում մանկապարտեզների եւ մանկամսուրների ընդգրկման մակարդակը այս տարվա սկզբին կազմել է ընդամենը 13,1 տոկոս, ինչը 1,5 տոկոսով փոքր է, քան մեկ տարի առաջ: 2005 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 19,6 տոկոս: Եթե քաղաքներում ընդգրկման մակարդակը 2013 թվականին կազմում էր 18,8 տոկոս, որը 8,2 տոկոսով փոքր է, քան 2005 թվականին, գյուղերում ընդգրկումն ավելի ցածր մակարդակի վրա է' կազմելով ընդամենը 7,5 տոկոս:
Ադրբեջանում նախադպրոցական կրթությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից: Մասնավոր մանկապարտեզներում ծնողների համար դա արժե միջինը 600 մանաթ' այն դեպքում, երբ Ադրբեջանում միջին աշխատավարձը պաշտոնապես կազմում է 423 մանաթ: