Հայաստանի արդարադատության նախարարությունը, վարչապետի հանձնարարությամբ, ուսումնասիրել է միջազգային փորձը, թե ինչպիսի օրենսդրական կամ այլ բնույթի լուծումներ անհրաժեշտ կլինեն, որոնք կպաշտպանեն քաղաքական գործիչների և պաշտոնյաների սահմանադրական ազատությունները և կկանխեն ամենաթողության հնարավոր դրսևորումները հավաքների և հանրային տարբեր միջոցառումների ընթացքում:

 

ՀՀ կառավարության նիստում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ներկայացնելով գերատեսչության եզրակացությունը, նաեւ նշեց, որ նպատակահարմար չէ քաղաքական գործիչներին վիրավորելու կամ նրանց դեմ ոտնձգելու դեպքերի առնչությամբ պատասխանատվության լրացուցիչ իրավական կարգավորումներ նախատեսել և դրանք կապել հատկապես հանրային գործիչ լինելու հանգամանքի հետ:

 

«Այսպիսով, գտնում ենք, որ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված' պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգավորումները սահմանող իրավակարգավորումները բավարար են առաջացող իրավահարաբերությունները կարգավորելու համար և այս պահին նոր օրենսդրական կարգավորումներ անհրաժեշտ չեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանուկյանը:

 

Մասնակցելով երկխոսությանը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դժգոհեց, որ Կառավարության շենքի դիմաց շուրջ մեկ տարի է' մի մարդ իրեն և Գիտությունների պետական կոմիտեի նախագահին հասցնում է ամենավերջին վիրավորանքները, հայհոյում:

 

Մարտիրոսյանի խոսքով՝ իրենք դիմել են Ոստիկանությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկíեն: Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ մարդու պատիվն, արժանապատվությունը վերականգնելու համար մարդը պետք է դիմի դատարան: Արձագանքելով՝ Հովիկ Աբրահամյանը հարցրեց. «Եթե մարդ ուն հայհոյում են ու նա դիմում է Ոստիկանություն, ապա ինչ պետք է անի Ոստիկանությունը»:

 

«Ռադիկ Մարտիրոսյանը գրավոր դիմել է մեզ, և այդ մարդու նկատմամբ վարչական տուգանք է կիրառվել: Խոսքը 85 տարեկան մարդու մասին է: Օրենքը տալիս է այն, ինչ տալիս է, իսկ դա վարչական տույժն է»,- նշեց ՀՀ ոստիականապետ Վլադիմիր Գասպարյանը: Վարչապետը հորդորեց քննարկել խնդիրը, ինչին ի պատասխան Հովհաննես Մանուկյանը նշեց, որ թեև այսօր առկա օրենսդրական դաշտը բավարար է, բայց կա մի ինստիտուտ, որը կարող է հարցին լուծում. դա բարոյական վնասի ինստիտուտն է:

 

Կառավարության հունիսի 26-ի նիստում ՀՀ վարչապետը հայտարարել էր. «Ուզում եմ անդրադառնալ ինձ խիստ անհանգստացնող մի երևույթի. հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ և սադրիչ եղանակներով: Ես անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը, ինչպես օրինակ, պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը:

 

Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ: Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկալվեն: Ես կողմ եմ ազատությանը, կողմ եմ խոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին: Ոչ միայն կողմ եմ, այլև մինչև վերջ պաշտպանելու եմ այդ իրավունքները:

 

Բայց այդ ազատությունը ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն: Եվ եթե ազատությունը ժողովրդավարական հասարակ ության հենասյուներից է, ապա ամենաթողությունն անարխիայի հենասյունն է: Հանդուրժել անարխիան՝ նշանակում է վտանգել երկիրը: Ի լուր բոլորի հայտնում եմ՝ ես դա չեմ հանդուրժելու:

 

Ուստի, հանձնարարում եմ ³րդարադատության նախարարին ու ոստիկանապետին' քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ թե՛ օրենսդրական, թե՛ կազմակերպական: Եթե անհրաժեշտ է, հրավիրեք ձեր եվրոպացի գործընկերներին, ուսումնասիրեք նրանց փորձը, անցկացրեք ուսուցում, բայց ապահովեք, որ հասարակական կարգը պահպանող մարմիններն իրենց գործողություններով լիակատար պաշտպանեն սահմանադրական ազատությունները, միաժամանակ կտրուկ կանխեն ամենաթողության ցանկացած դրսևորում»: