ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը սեպտեմբերի 4-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, ծառայությունների և մարզային վաչությունների ղեկավարներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով ընթացիկ և ծրագրային խնդիրներին՝ ոստիկանության պետը նշել է, որ ծառայության անհրաժեշտ մակարդակ հնարավոր է ապահովել միայն աշխատանքային գրաֆիկներով նախատեսված խնդիրները ողջ ծավալով և նախատեսված ժամկետներում կատարելու դեպքում:

 

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ոստիկանության ստորաբաժանումներն ըստ նախնական գրաֆիկի փուլ առ փուլ անցնում են նոր համազգեստի կրման, և պատասխանատուներին հանձնարարեց անվերապահ պահանջկոտություն ու հետևողականություն ցուցաբերել համազգեստի որակի, անձնակազմը նոր համազգեստով ապահովելու, ինչպես և ոստիկանների պահվածքի, վայելուչ տեսքի ու բարեկրթության հարցերում:

 

Ոստիկանության պետն անդրադարձել է պետական պահպանության գլխավոր վարչության խնդիրներին և ղեկավարությունից պահանջել ավելի սերտ աշխատել տարածքային բաժինների հետ՝ նկատի ունենալով, որ պետական պահպանության ծառայողները տարածքներում ոչ միայն օբյեկտների պահպանություն են իրականացնում, այլև հավասարապես պատասխանատու են օպերատիվ իրավիճակի վերահսկման համար:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ձերբակալվածների պահման վայրորում պայմանների բարելավմանը, այս ոլորտում դիտարկումներ կատարող հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի սերտացմանը վերաբերող և մի շարք այլ խնդիրներ:

 

Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի վերաբերյալ: