ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ ապրիլի 3-ին Ազգային ժողովում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների, ինչպես նաև միջազգային խորհրդարանական կառույցներում ընդգրկված պատվիրակությունների անդամներ:

 

Քննարկվել են միջազգային գործընկերների հետ աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղիները և սահմանին տիրող իրավիճակի ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը։ Մասնավորապես այն իրողությունը, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, տառապելով իր իշխանությունն ամեն գնով պահպանելու մտասևեռմամբ, փորձում է ներքին խնդիրներից շեղել իր և միջազգային հանրության ուշադրությունը՝ չխորշելով դրա համար զոհել մարդկային կյանքեր։

 

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում որոշվել է ևս մեկ անգամ կոչ անել միջազգային հանրությանը սաստելու Ադրբեջանին, քանի դեռ ուշ չէ՝ կանխատեսելով, որ Ալիևի բռնապետական ռեժիմը, ամենաթողությունից գլուխը կորցնելով, կարող է գնալ էլ՛ ավելի անմարդկային քայլերի։