Թուրքիան շարունակում է պաշտոնական մակարդակով խառնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ընթացքող ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի ժամանակ ելույթ է ունեցել, որում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը:
Հավատարիմ մնալով Բաքվում «կրտսեր եղբորը» տված խոստումին' Էրդողանը ՆԱՏՕ-ի ամբիոնից բարձրաձայնել է ղարաբաղյան հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի կարգավորելու անհրաժեշտությունը: «Անհրաժեշտ է, որպեսզի ՆԱՏՕ-ն պահի Ադրբեջանին տված խոստումը, չափազանց կարևոր է այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանն արձագանքել է նախօրեին Ադրբեջանի մայրաքաղաքում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարություններին: «Բաքվում Էրդողանը՝ Ալիևի «դեմքփրկման» իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից»,- Թվիթերում գրառում է կատարել ՀՀ Նախագահի մամուլի խոսնակը: