ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Արարատի մարզպետարանում՝ պետական ծրագրերի իրականացման, մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, գյուղատնտեսության և այլ ոլորտներում իրականացվող աշխատանքների ընթացքին և խնդիրներին ծանոթանալու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի և Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուներ:

 

Փոխվարչապետին նախ տեղեկություններ ներկայացվեցին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրի ընթացքի մասին: Ծրագրի շրջանակում հիմնանորոգվում և վերանորոգվում է քսան դպրոց, բարեկարգվում են համայնքային և մարզային նշանակության ճանապարհներ: Զեկուցվեց, որ դպրոցաշինական բաղադրիչում ընդգրկված ծրագրերի մի մասն արդեն ավարտված է, առաջիկա շաբաթների ընթացքում կավարտվեն նաև ընթացքում գտնվողները:

 

Ճանպարհաշինական բաղադրիչով կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 50 տոկոսը: Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց մշտական վերահսկողություն իրականացնել որակի նկատմամբ՝ ընդգծելով, որ պետական ծրագրերով բոլոր աշխատանքները պետք է կատարվեն առանց թերությունների:

 

Հինգերորդ հրատապ ծրագրով նաև շուրջ 200 մլն դրամ է հատկացվել ցրտահարության հետևանքները մեղմելուն ուղղված աջակցության ծրագրերի, մասնավորապես, հողի հարկն ամբողջությամբ և ջրի վարձավճարների 50 տոկոսը փոխհատուցելու համար: Զեկուցվեց, որ մարզի՝ ցրտահարությունից տուժած շահառուների իրազեկման նպատակով վերջիններիս ցուցակները տեղադրված են մարզպետարանի կայքում, և գործընթացն իրականացվում է բաց ու հրապարակային:

 

Խորհրդակցությանը ներկայացվեցին նաև մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման՝ 2014թ. ութ ամիսների ցուցանիշները: Համայնքների ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 99,5 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9,1 տոկոս աճ է արձանագրվել, հողի հարկի կատարողականը կազմել է 101,8 տոկոս՝ արձանագրելով 3, 4 տոկոս աճ, իսկ գույքահարկի կատարողականը կազմել է 104 տոկոս՝ աճելով 24, 8 տոկոսով:

 

Նշվեց նաև, որ մարզում արդեն սկսվել են պտուղ-բանջարեղենի մթերման աշխատանքները: Սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզի պահածոների գործարանները մթերել են 1140տ պտուղ և 8891տ բանաջարեղեն, գինու և կոնյակի գործարանները մթերումներն սկսել են այսօրվանից:

 

Մարզպետարանի պատասխանատուներն արդյունավետ համարեցին պտղակեր վնասատուների դեմ ֆերոմոնային թակարդներով պայքարի կառավարության ծրագիրը՝ առաջարկելով կառավարությունում քննարել ծրագրի շարունակման հնարավորությունը:

 

Նշվեց նաև, որ մարզպետարանն աջակցում է Բնապահապանության նախարարության կողմից մարզի ձկնաբուծական տնտեսություններում իրականացվող խորքային հորերի փակման և կոնսերվացման գործընթացին, կատարվում են համապատասխան իրազեկման աշխատանքներ:

 

Խորհրդակցությանը քննարկվեցին նաև տեղական ինքնակառավարման մարմիններում վարչական վերահսկողության իրականացման, մարզի առողջապահական և կրթական հաստատությունների, ինչպես նաև մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնների գործունեության հետ կապված հարցեր:

 

Մարզում գործում է չորս նման կենտրոն: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և մարզպետարանի պատասխանատուները համատեղ կքննարկեն կենտրոնների գործունեության ընթացքում առաջացած խնդիրներն ու լուծումներ կգտնեն:

 

Փոխվարչապետն այնուհետև առանձին խորհրդակցություն անցկացրեց մարզի ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների և Ջրտնտպետկոմի պատասխանատուների հետ:

 

Նկատելով, որ սակավաջրությամբ պայմանավորված՝ տարին բավականին լարված է եղել ոռոգման համակարգի համար, փոխվարչապետը միաժամանակ ընդգծեց մինչև սեպտեմբերի վերջ գյուղացիական տնտեսություններին ջուր հասցնելու կարևորությունը: Նա ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորեց անել առավելագույնը և աշխատել խիստ կազմակերպված՝ ջուր մատակարարելով սահմանված ժամանակացույցերին համապատասխան, որպեսզի ջրի բացակայության պատճառով գյուղացին բերքի կորուստներ չկրի:

 

Հատկապես քննարկվեցին «Արտաշատ» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում գտնվող Վերին Դվին և հարակից մյուս համայնքներում Ազատի ջրամբարում ջրի նվազման հետևանքով առաջացած խնդիրները: Փոխվարչապետը պատասխանատուներին առաջարկեց ուսումնասիրել խնդիրներն ու տեղական իշխանությունների հետ համագործակցաբար տեխնիկական լուծումներ գտնել: Նա նաև առաջարկեց մարզային լրատվամիջոցներով բնակչությանն իրազեկել ոռոգման ժամանակացույցերի և ռեժիմների մասին: