Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը դեսպանության բլոգում անդրադարձել է ՆԱՏՕ-ի' Ուելսում տեղի ունեցած գագաթաժողովին' բարձր գնահատելով Հայաստանի ներդրումը Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) գործողություններում և կարևորելով Հայաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը:

«Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ այն երկրներից մեկն է, որ վերջին տասը տարում բացառիկ կերպով հավատարիմ է եղել Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններին մասնակցելու պարտավորությանը: Հայաստանի ներկայիս ներդրումը ISAF-ում ավելի մեծ է, քան ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներինը, և միայն աննշան կերպով է զիջում Ֆրանսիայի ունեցած ներդրմանը:

 

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշել է դեսպան Լիչը՝ հավելելով, որ իրենք ցանկանում են ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի ամենաարժեքավոր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ:

 

«Ձախողված պետությունների, տարածաշրջանային հակամարտությունների, ահաբեկչության և կիբեռհարձակումների անկայուն աշխարհում ավելի քան երբևէ կարևոր է համատեղ աշխատանքը' պաշտպանության և համագործակցության գործում: Մենք ցանկանում ենք աշխատել նրանց հետ, ովքեր կիսում են մեր արժեքները և արժեվորում մեր համագործակցությունը»,- հավելել է դիվանագետը:

 

Սեպտեմբերի 4-ին Ուելսում մեկնարկել է ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը:

 

Գագաթաժողովի շրջանակում ԱՄՆ-ի միջնորդությամբ տեղի է ունեցել նաև Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: