Մալայզիան և Ավստրալիան 60-ական միլիոն դոլար կներդնեն անհետացած Boeing 777 օդանավի որոնողական աշխատանքները շարունակելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Итар-Тасс-ը, այս մասին հայտարարվել է երկու երկրների վարչապետներ Նաջիբ Տուն Ռազակայի և Թոնի Աբոտի միջև կայացած բանակցություններից հետո:
Ավստրալիան պլանավորում է նաև հուշարձան կառուցել ի հիշատակ զոհերի, որոնք եղել են «Մալայզիական ավիաուղիներ»-ին պատկանող օդանավում, որը Պեկին ուղևորվելու ճանապարհին անհետացել է: Միևնույն ժամանակ Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբոտը հայտարարել է, որ դա կլինի միայն այն ժամանակ, երբ իրենց համաձայնությունը կտան օդանավում եզած մարդկանց բոլոր հարազատները:
Ավստրալիայի վարչապետը նաև ընդգծել է, որ օդանավի որոնողական աշխատանքները շարունակվելու են: «Երկու շաբաթվա ընթացքում կսկսվեն նոր որոնողական աշխատանքներ, որոնք կտևեն այնքան ժամանակ, որքան կհերիքեն մարդկային ռեսուրսները, որպեսզի ուսումնասիրվի ողջ գոտին, որտեղ, ինչպես ենթադրվում է,օդանավն ավարտել է թռիչքը»,- ասել է Աբոտը: