Քաղաքական գիտությունների Հայաստանի ասոցիացիան ու Վրաստանի սոցիալական գիտությունների կենտրոնը համատեղ ուսումնասիրություն են իրականացրել՝ հասկանալու, թե ինչպիսին են հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ մարտահրավերներ կան և հատկապես ինտեգրացիոն նոր ուղղության պարագայում ո՞ւր են շարժվում երկու երկրները:
Տեսակետներն ամփոփված են «Հայ-վրացական հարաբերություններ. մարտահրավերներ և հնարավորություններ երկկողմ համագործակցության համար» գրքում, որի շնորհանդեսը կայացավ սեպտեմբերի 6-ին «Կոնգրես» հյուրանոցում: Գրքում ներկայացված են հայ և վրացի փորձագետների տեսակետերը երկկողղմ հարաբերությունների ներկա վիճակի և դրանց զարգացման հնարավորությունների վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Քաղաքական գիտությունների Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանն ասաց, որ գրքում վերլուծել են երկու երկրների հարաբերությունները՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Վրաստանը շուտով կվավերացնի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:
«Կողմերը հանգել են եզրակացության, որ հայ-վրացական հարաբերությունները հենվում են փոխադարձ շահերի և ամուր հիմքի վրա և ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում ավելի կզարգանան: Մշակվել են համատեղ եզրակացություններ, թե ի՞նչ կարելի է անել հարաբերություններն ավելի լավացնելու համար:
Առաջարկություններից մեկն այն է, որ պետք է մեծացնել տնտեսական նախարարությունների մակարդակով շփումները, հնարավորությունները պարզել՝ հասկանալու, թե երկու երկրների գործարարներն ինչպես կարող են ներդրումներ կատարել արտոնյալ պայմաններում: Դա կնպաստի, որպեսզի մեծանա նաև երկկողմ առևտրաշրջանառությունը»,- ասաց նա:
Առաջարկություններից մեկն էլ վերաբերում է հայ-վրացական զբոսաշրջային ծրագրերի զարգացմանը: Բենիամին Պողոսյանի գնահատմամբ, հայ զբոսաշրջիկները նախընտրում են հանգստանալ Վրաստանում, մինչդեռ վրացի զբոսաշրջիկները Հայաստանի մասին շատ քիչ բան գիտեն և այդ առումով անհրաժեշտ է աշխատանք իրականացնել, որպեսզի վրացի զբոսաշրջիկների և հասարակության համար հետաքրքրական լինի Հայաստանը:
Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու Փիկրա Ասանաշվիլին էլ ասաց, որ ուսումնասիրության արդյունքում հայ-վրացական հարաբերությունները սկսեց դիտարկել նաև Հայաստանի տեսանկյունից և շատ հարցերում փոխեց իր տեսակետը:
Ըստ Ասանաշվիլու, անկախ ինտեգրացիոն տարբեր ուղղություններից՝ երկու երկրներն ունեն քաղաքական ամուր կամք և ժողովուրդների մեջ կա բարեկամական հիմք, ինչն էլ կնպաստի, որպեսզի պետությունները կարողանան իրենց առջև դրված խոչընդոտները հաղթահարել և ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները տար բեր ոլորտներում: